ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կառավարության աջակցությունը` շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև ստանդարտների ներդրման ուղղությամբ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ հանդիպման ժամանակ։ Հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի կառավարման, զբոսաշրջության բնագավառներում գործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,–ասված է հաղորդագրությունում։
Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Ատալին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Ֆրանսիայի վարչապետը հրավերը սիրով ընդունել է:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման քայլերին, ներդրումային ծրագրերի հնարավորություններին:
Քննարկվել են շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտներում համագործակցությանն ու ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակից ընկերությունների հարցերին:
Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներ է ունեցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործող Thales , IDEMIA ընկերությունների, «Պեռնո Ռիկար», զբոսաշրջության ոլորտում գործող Societe des Troia-Valles ընկերության ղեկավարների հետ: