ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի համար այս դժվարին օրերին 2 ժողովուրդներին էլ միավորում է հարգանքը հայրենիքի պաշտպանի հանդեպ։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշակոթողի անմար կրակի մոտ Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս օրը լցված է հատուկ իմաստով, քանի որ այն խորհրդանշում է մարտական եղբայրության այն շատ խորը ավանդույթները, որոնք պատմության ընթացքում համախմբել են մեր ժողովուրդներին: Սա ևս մեկ առիթ է հիշելու այն մեծ հաղթանակը, որը Խորհրդային Միության ժողովուրդները միասին տարել են նացիզմի դեմ մահացու պայքարում։ Այդ հաղթանակը ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին տվել է ազատ և արժանի ապրելու հնարավորություն: Նացիզմի դրսևորումները մինչև վերջ արմատախիլ չեն արվել, և այժմ մենք պետք է պայքարենք, որպեսզի այս չարիքը չստանա իր զարգացումը, քանի որ դա շատ վտանգավոր է բոլորի համար»,– նշեց Կոպիրկինը։
Սերգեյ Կոպիրկին
© Sputnik / Asatur Yesayants
Նա ընդգծեց նաև այն հանգամանքը, որ ՀՀ–ն այսօր բախվում է շատ լուրջ մարտահրավերների, ուստի հայրենիքի պաշտպանի, Զինված ուժերի նկատմամբ հարգանքը, երախտիքի տուրք է նրանց: Դեսպանը շեշտեց, որ հունվարի 28–ին` ՀՀ բանակի օրը, զգացել է, թե որքան հարգալից վերաբերմունք է ցուցաբերվում հայրենիքի պաշտպանների նկատմամբ և որքան է կարևորվում նրանց առաքելությունը։ Դիվանագետը նշել է` Ռուսաստանը նույնպես պայքարում է նացիզմի դեմ, որն իրենց երկրի համար պայքար է ոչ միայն իր անվտանգության, այլև գոյատևման համար։
«Այս դժվարին օրերին մեզ միավորում է հարգանքը հայրենիքի պաշտպանի հանդեպ»,– ասաց Կոպիրկինը։
Նրա պնդմամբ` Հայրենիքի պաշտպանի օրը հնարավորություն է ևս մեկ անգամ մտածել այն արժեքների մասին, որոնք միախմբում են 2 ժողովուրդներին։
«Հաղթանակ» զբոսայգում
© Sputnik / Asatur Yesayants
«Մենք շատ ուրախ ենք, որ ծաղիկների խոնարհման արարողությանը մեզ հետ էին մեր հատ գործընկերները, ՀՀ պաշպանության նախարարության ներկայացուցիչները։ Ավանդաբար, մենք միասին ենք նշում այս օրերը և կցանկանայի մաղթել, որ մեր համագործակցությունը պահպանվի մեր երկրների համար»,– նշեց դեսպանը։
Նա Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդներին մաղթեց բարօրություն, խաղաղություն, արժանապատիվ և երջանիկ կյանք