Այն, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են դրա վրա կափարիչ դնել, փակել հարցը. Շահրամանյան

Սամվել Շահրամանյան
Արցախի նախագահը համոզված է, որ առաջիկայում հստակ պատասխաններ կստանան այն հարցի վերաբերյալ, թե ինչու են իրականում ձերբակալել իր թիկնազորի աշխատակցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը համարում է, որ իր թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին ձերբակալելու հիմքերը շինծու են։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
Աշոտ Դանիելյանը ձերբակալվել է փետրվարի 20–ին։ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները նրան թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի Մոսկովյան փողոցից։

«ՀՀ իրավապահ մարմինները պետք է շատ արագ լուծեն նրան ազատ արձակելու հարցը։ Մեզ մոտ հարցեր է առաջացնում նաև այդ ձերբակալության օրինաչափությունը. 20 հոգով դիմակավորված` քաղաքի կենտրոնում ձերբակալել մեկին, ով կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ընդ որում` ձերբակալել նախագահին սպասարկող մեքենայի միջից, դա մեծ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները մենք առաջիկայում կստանանք»,– ընդգծեց նա։

Ըստ Շահրամանյանի` այսպիսի քայլերով այն, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են դրա վրա կափարիչ դնել, փակել այդ հարցը։
«Կարծում եմ, որ պետք չէ գնալ այդ ճանապարհով, այլ պետք է գտնել լուծումներ Արցախի ու արցախցիների համար»,– ասաց նա։
Արցախի նախագահի կարծիքով` մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք միշտ բաց վերք ենք ունենալու, և այն միշտ արնահոսելու է։
Արցախի նախագահը Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է որպես վկա