Տիգրան Ավինյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Երևան – Աստանա համագործակցությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ ստորագրվող փաստաթուղթը հնարավորություն կտա գործել ի բարօրություն երկու քաղաքների ու ժողովուրդների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Երևանն ու Աստանան պատրաստվում են համաձայնագիր ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին, և հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին:
Ավինյանն ընդգծել է, որ ստորագրվող փաստաթուղթը հնարավորություն կտա գործել ի բարօրություն երկու քաղաքների ու ժողովուրդների:
Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել և օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:
Դեսպանն անդրադարձել է նաև մի շարք ընկերությունների գործունեությանը, որը կարող է հետաքրքրել Երևանին: