Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Ֆրանսիա` մասնակցելու Մանուշյանի աճյունի վերահուղարկավորմանը

Հայազգի հերոսի ու կնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները կամփոփվեն Փարիզի պանթեոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:
«Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահն Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը»,– ասված է հաղորդագրությունում:
Այսօր` փետրվարի 21–ին, Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի 80-ամյա տարելիցն է, վերահուղարկավորության օրը պատահական չի ընտրվել։
Միսաք Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքանդր Դյուման և այլք:
Միսաք Մանուշյան. ֆաշիստների համար «բանդայի պարագլուխ», Ֆրանսիայի համար՝ ազգային հերոս
Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: