Նոր Նորքի թաղապետարանի վրա կրակոցների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Նախաքննության շրջանակում դեպքի վայրից առգրավել են տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի կրիչների պարունակությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիների վրա կրակոցների գործով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով` կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերոհիշյալ շենքի աջակողմյան հատվածում գտնվող դռան մոտի աստիճանավանդակի վրայից հայտնաբերվել և վերցվել է երկու գնդակ, նշված դռան վերևի պատուհանի վրա առկա է վնասված մեկ հատված, իսկ մեկ այլ պատուհանի վրա հայտնաբերվել են թվով 6 ենթադրաբար կրակված հետքեր։
«Դեպքի առթիվ 2024 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) նախաձեռնվել է քրեական վարույթ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, կրակոցի հետքի նմանվող մեկ վնասվածք հայտնաբերվել է նշված վարչական շենքի դիմացի ավտոկայանատեղիում, հետնամասը դեպի շենքը կայանված «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու վրա, երկուսը` Նոր Նորքի թաղապետարանին կից գտնվող «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա։
Նախաքննության շրջանակում դեպքի վայրից առգրավվել են տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի կրիչների պարունակությունը։ Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։
ԱԺ–ն ընդունեց զինվորական ծառայությունից փողով ազատվելու նախագիծը
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ինչպես առերևույթ կրակոցներ արձակած անձին կամ անձանց, այնպես էլ նշված հետքերի առաջացման պատճառ հանդիսացած հնարավոր զենքի հայտնաբերման ուղղությամբ։