«Խոպանչիները» փակել են Երևան–Մարտունի ճանապարհը

Փակ ճանապարհ. արխիվային լուսանկար
Արտագնա աշխատանքի մեկնողները նշում են` լավ օրից չէ, որ իրենց հայրենիքում չեն աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Խոպանչիները» փակել են Երևան–Մարտունի ճանապարհը և բողոքում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օրենսդրական փոփոխությունների դեմ։
Համաձայն այդ փոփոխությունների` արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացած եկամտից պետք է Հայաստանում եկամտային հարկ վճարեն։
«Խոպանչիները» վերջին օրերին են ծանուցում ստացել, որ իրենք պետք է հարկվեն։
«Անսպասելի էր մեզ համար, որ ուզում են հարկել, սյուրպրիզ ձևով մեզ ծանուցումներ են ուղարկել, որտեղ կոնկրետ գումարներ են նշված` սկսած 300 000-400 000 դրամ։ Արտագնա աշխատանքի ժամանակ մարդիկ այդ երկրում վճարել են 13 տոկոս եկամտահարկ, հիմա էն մարդիկ, որոնք ինչ–որ պատճառով շուտ են վերադարձել խոպանից, պետք է ՀՀ եկամտահարկի տարբերությունը վճարեն։ Հարցը ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ լինելու մեջ է (ռեզիդենտ են համարվում նրանք, որոնք 183 և ավելի օր գտնվել են ԱՊՀ տարածքում ու աշխատում են այնտեղ. խմբ.)։ Այսինքն` Հայաստանում 20 տոկոս է, այնտեղ` 13, մենք պետք է վճարենք ևս 7 տոկոս հարկ»,– ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանք վստահեցնում են, որ որևէ մեկը տեղյակ չի եղել փոփոխությունից։ Բողոքող քաղաքացիներից մեկի խոսքով` Հայաստանը կարծես միայն Երևանը լինի, իսկ մարզերին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, չկան աշխատատեղեր, չկա արդյունաբերություն։
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ընդգծեց, որ մինչ այժմ որևէ մեկը չի հարկվել, բայց օրենքը վաղուց է գործում։ Նա զարմացավ, որ որևէ մեկը տեղյակ չի եղել, և տարակուսեց, թե ինչպես կարող էին այսքան տարի ծանուցված չլինել։
Հիշեցնենք` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ավելի վաղ արձագանքել էր այս խնդրին` հայտարարելով, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած եկամտից հարկվող վճարի վերաբերյալ կարգավորումները նոր չեն, ՀՀ–ում և օտարերկրյա պետություններում հարկվող` ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք պարտավոր են հաշվարկել և եկամտային հարկ վճարել սահմանված դրույքաչափերով: