ՀՀ–ն Բրյուսելին տեղեկացրել է, որ պատրաստ է մասնակցել ԵՄ քաղաքացիական առաքելություններին

Գրիգորյանի խոսքով` Հայաստանը չի ցանկանում լինել միայն անվտանգության սպառող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Հայաստանը պատրաստ է մասնակցել ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության քաղաքացիական առաքելություններին, հայտարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում կայացած դիտորդական առաքելության մեկամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
«Մեր գնահատմամբ ՝ առաքելությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկություն ապահովելու համար։ Մենք անընդունելի ենք համարում տարբեր երկրներից առաքելության նկատմամբ հնչող անհիմն քննադատությունը և աջակցում ենք առաքելությանը՝ իր մանդատն ամբողջ ծավալով իրականացնելու գործում», - ասել է Գրիգորյանը ։
Գրիգորյանի խոսքով` Հայաստանը չի ցանկանում լինել միայն անվտանգության սպառող։
«Եվ այս համատեքստում Հայաստանը Բրյուսելին տեղեկացրել է, որ Երևանը պատրաստ է իր ներդրումն ունենալ ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության քաղաքացիական առաքելություններում»,- նշեց Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը հավելեց նաև, որ եթե նախկինում ԵՄ–ի հետ համագործակցությունը եղել է տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, այսօր ՀՀ—ԵՄ համագործակցությունն ընդլայնվել է և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն։
«Մենք ԵՄ –ն և անդամ պետությունները դիտարկում ենք որպես ՀՀ անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկերներ»,–նշեց նա։