ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ֆրանսիան երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի։ Այս մասին X-ի իր էջում հայատառ գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը»,–գրել է Մակրոնը։
Ավելի վաղ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր գրառում արել X-ի իր էջում։ Նա նշել էր, որ հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակում է ունեցել Էմանուել Մակրոնի հետ ամուր բարեկամության կապերի խորացման, երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման, ԵՄ-ի հետ մերձեցման և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում է` մասնակցելու Փարիզի պանթեոնում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Մինչև արարողությանը մասնակցելը ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահի հետ ճեպազրույց և առանձնազրույց է ունեցել։
Հավելենք, որ այսօր` փետրվարի 21–ին, Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի 80-ամյա տարելիցն է։