Բայդենի օգնականն ու ադրբեջանցի նախարարը քննարկել են Եվրոպա գազի մատակարարումների հարցը

Երեք տարվա ընթացքում Հարավային գազային միջանցքով Եվրոպա է մատակարարվել ավելի քան 31 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի կլիմայի և էներգետիկայի գլխավոր տնօրեն Սառա Լադիսլավն այսօր քննարկել են Եվրոպա գազի մատակարարումների ավելացումը, հայտնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանից Եվրոպա բնական գազի արտահանման ծավալը 2023 թվականի արդյունքներով կազմել է 11,8 միլիարդ խորանարդ մետր:
«Սպիտակ տանը կայացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի կլիմայի և էներգետիկայի հարցերով գլխավոր տնօրեն Սառա Լադիսլավի հետ:
Հանդիպման ընթացքում խոսվել է տարածաշրջանային և միջազգային նշանակության էներգետիկ անվտանգության նախագծերի իրականացման ուղղությամբ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկարաժամկետ համագործակցության կարևորության, էներգետիկ ճգնաժամի բարդ շրջանում Հարավային գազային միջանցքի դերի մասին: Նշվել է, որ երեք տարվա ընթացքում Հարավային գազային միջանցքով Եվրոպա է մատակարարվել ավելի քան 31 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Կողմերը քննարկել են դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների ավելացման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մտքեր են փոխանակվել նաև COP29-ի անցկացման ժամանակահատվածում ազգային և գլոբալ մակարդակներում էներգետիկ անցման վերաբերյալ Ադրբեջանի քաղաքականության և ծրագրերի, կլիմայի ֆինանսավորման գործընթացում հնարավոր ներդրման և մեթանի արտանետումների կրճատման շուրջ:
Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգետիկ անվտանգության և կլիմայի ոլորտում համագործակցության թեմայով ադրբեջանա-ամերիկյան երկխոսության անցկացման մասին՝ նպատակների համաձայնեցման համար: