ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Վանաձորում այսօր շղթայական վթար է եղել, կա երկու զոհ և մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ահազանգը Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 15։41-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Daewoo» և «Maserati» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև մեքենաներից մեկը բախվել է կայանած «HOWO» մակնիշի բեռնատարին։ «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Կ․–ն և ուղևորը տեղում մահացել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Maserati» մակնիշի ավտոմեքենայի 32–ամյա վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։