Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը պետք էր կնքել դեռ մեկ տարի առաջ. Մասկ

Իլոն Մասկ
Ամերիկացի միլիարդատերը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայի դիրքերն օրեցօր թուլանում են, խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվեր մեկ տարի առաջ, դա թույլ կտար հազարավոր կյանքեր փրկել:
Մասկն արձագանքել է X սոցցանցում հրապարակված գրառմանը, թե եկել է հրադադարի և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև խաղաղության բանակցություններ սկսելու ժամանակը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ուկրաինան պարտվել է պատերազմում և դա ոչինչ չի փոխի, քանի որ Կիևը բավարար թվով մարդիկ չունի հաղթելու համար: Գրառման մեջ նաև ասվում էր, որ 60 միլիարդ դոլարը չի փոխի իրականությունը, և Ռուսաստանը կպահպանի Ղրիմը և Արևելյան Ուկրաինայի մի մասը:
«Այո՛։ Հարցը միայն այն է, թե քանի մարդ կզոհվի, մինչև այս իրողությունը կընդունվի։ Խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվեր դեռ մեկ տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր հազարավոր տղաներ են զոհվել ոչնչի համար, իսկ Ուկրաինայի դիրքերն օրեցօր թուլանում են», - գրել է Մասկը։
Նշենք, որ Սպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին կոչ է անում շտապ հաստատել այն օրինագիծը, որով ավելի քան 60 միլիարդ դոլար կհատկացվի օտարերկրյա դաշնակիցների, այդ թվում՝ Ուկրաինայի համար օգնությունը վերականգնելու համար
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել