ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը տիեզերքում օբյեկտների խոցման համար միջուկային զենք ստեղծելու նախագիծ չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Նախ՝ այն չկա (տիեզերքում միջուկային զենք- խմբ.)։ Երկրորդ, նրանք գիտեն, որ մենք չունենք․․․ և միևնույնն է՝ աղմուկ են բարձրացնում»,-ասել է նախարարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ տիեզերքում Ռուսաստանն անում է միայն այն, ինչ ունեն այլ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, և նրանք գիտեն այդ մասին:
Անցյալ շաբաթ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թըրները Կոնգրեսի անդամներին տեղեկացրել էր «Ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիքի» մասին: Ավելի ուշ ABC News-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն տեղեկություն է ստացել այն մասին, որ Ռուսաստանը «տիեզերքում միջուկային զենք տեղակայելու ծրագրեր ունի»: