ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի տնտեսությունը 2024 թվականին կարող է աճել ևս 2.5 տոկոսով նախորդ տարվա 3.5 տոկոս աճի համեմատ։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը` ներկայացնելով աշխարհի առաջատար վարկանիշային գործակալությունների կանխատեսումները։
«Սա նշանակում է, որ ռուսաստանյան շուկան շարունակելու է բարեկամ երկրների բիզնեսի համար մնալ չափազանց գրավիչ։ Հայկական տնտեսությունը, հույսը դնելով սեփական արտահանման ներուժը զարգացնելու վրա, մեծացնելով զբոսաշրջությունը և այլ ոլորտներ և գործոններ, կարող է 2024 թվականին արձանագրել 7 և ավելի տոկոս աճ»,– ասաց Սաֆարյանը։
Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ Հայաստանը շարունակում է տնտեսական աճի ցուցանիշով առաջատար լինել ԵԱՏՄ տարածքում` չնայած այն հանգամանքին, որ ՀՀ տնտեսության վրա 2023-ին բացասական ազդեցություն են թողել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման հետևանքով այդ տարածքներում առկա ռեսուրսների կորուստը, ինչպես նաև Արցախի հայաթափումն ու 120 000 տեղահանվածի Հայաստան ներգաղթը` հնարավոր սոցիալ–տնտեսական հետևանքներով։ Ազդեցություն են ունեցել նաև Սոթքի հանքավայրի աշխատանքը կաթվածահար անելու ադրբեջանական քայլերը։
Անդրադառնալով 2024թ–ի կանխատեսումներին` Մանասերյանը նաև ընդգծեց, որ այս տարի տնտեսական աճի հիմնական բաղադրիչը կարող է դառնալ արտահանումը, հիմնականում դեպի ԵԱՏՄ։ Ըստ նրա` արտահանման ծավալների աճին մեծապես կարող է նպաստել նաև Իրանի ու ԵԱՏՄ–ի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծումը։
Պրոֆեսորը շեշտեց, որ սա կարող է բավական լուրջ գործոն լինել, եթե ՀՀ կառավարությունը լինի նախաձեռնող, և համատեղ ձեռնարկություններ ստեղծվեն։ Մանասերյանի խոսքով` ՀՀ գործադիրը կարող է նաև այլ քայլերով ճիշտ օգտագործել իր ներուժը` դառնալ կապող օղակ ԵԱՏՄ–ի և 90 մլն–անոց սպառողական շուկա ունեցող Իրանի միջև։
Ըստ տնտեսագետի` եթե ՀՀ կառավարությանը հաջողվի ապահովել տնտեսությունը խթանելու համար անհրաժեշտ բոլոր թվարկված գործոնները, ապա հնարավոր կլինի 2024թ–ին ապահովել գործարար ակտիվության 7-8 տոկոսանոց աճ, հակառակ դեպքում տնտեսական աճը չի գերազանցի 3-4 տոկոսը։
Մանասերյանն ընդգծեց, որ Հայաստանը դարձել է բացարձակ առաջատար Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում վենչուրային ներդրումների ներգրավման հարցում։ Fitch-ը բարձրացրել է Հայաստանի վարկային վարկանիշը` «B+»− ից մինչև «BB-»` կայուն կանխատեսմամբ: Հայաստանում ներդրող երկրների շարքում 2023 թվականին սկսել են ակտիվություն ցուցաբերել ԱՄԷ–ն, Չինաստանը, Վրաստանը և ԱՄՆ–ն։ Ընդ որում` ավանդաբար ներդրումների առումով առաջին տեղում Ռուսաստանն է։