ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում փետրվարի 21–ին կմասնակցի ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի վերհուղարկավորման արարողությանը։ Տեղեկությունը հրապարակվել է ֆրանսիական «L' Humanité» պարբերականում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը վերահուղարկավորվեու է Փարիզի պանթեոնում:
Փաշինյանի այցի մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն դեռ չկա։
Պանթեոնում հուղարկավորվելու է նաև Մանուշյանի կինը՝ Մելինե Մանուշյանը, որը նույնպես Դիմադրության մասնակիցներից է եղել։ Համապատասխան որոշումը նախագահ Մակրոնը պաշտոնապես հաստատել է 2023 թ. հունիսի 18-ին: Արարողությունը տեղի կունենա վաղը` փետրվարի 21-ին՝ Մանուշյանի գնդակահարությունից 80 տարի անց։
Հիշեցնենք, որ Միսակ Մանուշյանը(1906-1944) ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում, այգեգործների ընտանիքում: Նրա ծնողները սպանվել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Տարրական կրթություն է ստացել Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցում 1925 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ 1932-1937 թվականներին առաջադիմական ամսագրեր է խմբագրել։
Այստեղ էլ 1933 թվականին Մանուշյանը միացել է ֆրանսիական Կոմունիստական կուսակցությանը։ Երբ գերմանացիները ներխուժել են Ֆրանսիա, Մանուշյանն իր ընկերների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել ֆրանսիական Դիմադրության շարժմանը։
1943 թվականի մարտին նշանակվել է «Ստալինգրադ» ջոկատի հրամանատար, ավելի ուշ դարձել «Ազատ հրաձիգների» և Փարիզի ու արվարձանների բոլոր միջազգային ջոկատների հրամանատարը։
1943-ի աշնանը ֆաշիստներին հաջողվել է գտնել անվախ ընդհատակյա մարտիկների հետքը, 1943-ի նոյեմբերի 16-ին Մանուշյանն ու նրա ընկերները ձերբակալվել են և 3 ամիս անց գնդակահարվել։