ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. 2023 թվականի դեկտեմբերին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրից արտահանումը գերազանցել է ներմուծմանը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը։
Բարձր ցուցանիշները, սակայն, անհանգստացնում են փորձագետին. նա բացասական միտումներ է նկատում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում։
«Եթե նայենք արտահանման կառուցվածքին, ապա պարզ կդառնա, որ 34 տոկոսը բաժին է ընկնում վերջին 2 ամիսներին։ Դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ արտահանումը գերազանցել է ներմուծմանը՝ ռուսական չմշակված ալմաստն ու ոսկին ԱՄԷ և Հոնկոնգ վերարտահանելու հաշվին: Արտահանումն աճել է 55,3 տոկոսով, բայց եթե հանենք Ռուսաստանը, Էմիրություններն ու Հոնկոնգը, ապա կստացվի, որ այլ երկրներ արտահանումը 2023 թվականին կրճատվել է 12,2 տոկոսով»,- նկատում է Թավադյանը։
Նրա խոսքով` եթե հաշվենք աճի տեմպերը առանց այդ երեք պետությունների մասնաբաժնի, ապա Հայաստանից արտահանման աճը կազմել է ընդամենը 0,6 տոկոս՝ վերջին 2 տարվա ընթացքում 2,8 անգամ ընդհանուր աճի ֆոնին։ Նա կարծում է, որ այս փաստը վկայում է արտահանման անկայունության մասին:
«Այն պայմաններում, երբ հիմնականում ոսկի և ալմաստ է վերարտահանվում, իսկ բանկերում բարձր տոկոսադրույքներ են, շատ դժվար է արդյունաբերություն ու գյուղատնտեսություն զարգացնել»,-ընդգծեց փորձագետը:
Նա նշեց նաև, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, և դեպի ՌԴ արտահանման մասնաբաժինն առավել դիվերսիֆիկացված է, քանի որ այդ երկիր հիմնականում պատրաստի արտադրանք է արտահանվում: Ընդ որում` հայկական արտահանման ավանդական առաջատարը՝ կոնյակը, առաջին հորիզոնականները զիջել է ավտոմեքենաներին, բջջային հեռախոսներին, բժշկական սարքերին և ռադիոսարքավորումներին։
2022-2023 թվականներին դեպի Ռուսաստան մեքենաների և սարքավորումների արտահանումն աճել է ավելի քան 10 անգամ, իսկ քիմիայի, պլաստմասսայի, կերամիկայի, ապակու և մետաղների կատեգորիաներում՝ ավելի քան 3 անգամ։
Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալի 42,9%-ն ընդհանուր առմամբ բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։ Թավադյանը համոզված է, որ Հայաստանը պետք է ակտիվորեն ներգրավվի Եվրասիական տնտեսական միության երկրների արդյունաբերական կոոպերացիայի նախագծերին։ Պատրաստի արտադրանքի թողարկման հնարավորությամբ նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծումը կարող է նաև նոր աշխատատեղեր ստեղծել։