Իրանը պատրաստ է լրացուցիչ ռեսուրսներ ներդնել ՀՀ անվտանգության ապահովման համար. պատգամավոր

Թեհրանում կայացած հանդիպումների արդյունքում հայ պատգամավորն արձանագրել է Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու ձգտումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Իրանում Հայաստանի կարևորության ընկալում կա երկրի երկարաժամկետ շահերի տեսանկյունից, և Թեհրանը պատրաստ է լրացուցիչ ռեսուրսներ ներդնել առկա անվտանգային խնդիրների լուծման համար: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։ Քաղաքական գործիչը վերջերս եղել է Թեհրանում, որտեղ քննարկումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, Իսլամական Հանրապետության քաղաքական և փորձագիտական շրջանակների հետ:
«Իրանը լրջորեն մտահոգված է Հայաստանի և հատկապես դրա հարավային՝ Սյունիքի մարզի շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս մտահոգությունը միանգամայն բնական է, եթե հաշվի առնենք, որ Իրանը Հայաստանի հարավը համարում է իր համար կենսական ուղղություն, և Սյունիքի դեմ ցանկացած ագրեսիա, ոտնձգություն դիտարկում է որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը», - ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ԻԻՀ-ում լայն տարածում է գտել այն տեսակետը, որ այդ սպառնալիքն ուժեղացել է Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո: Իսլամական Հանրապետությունում շատերն են որդեգրել այն մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղն ու Սյունիքը աշխարհագրության և աշխարհաքաղաքականության տեսանկյունից մեկ ամբողջություն են:
Իրանը թույլ չի տա փակել Հայաստանն Իրանին կապող իր պատմական ճանապարհը. արտգործնախարար
«Իրանցի գործընկերների հետ քննարկումների արդյունքում ինձ մոտ տպավորություն առաջացավ, որ Թեհրանում փնտրում են Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղիներ և մեխանիզմներ, որոնց դեպքում Հայաստանը հնարավորություն կստանար ապահովել իր տարածքային ամբողջականությունը, իսկ Իրանը կկասեցներ թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հեռանկարում սպառնալիք կլինի նաև հենց Թեհրանի համար», - ավելացրեց պատգամավորը:
Միևնույն ժամանակ դեռ պարզ չէ, թե Իրանի տեսանկյունից ինչ է նախատեսում Հայաստանի հետ ռազմական համագործակցության խորացումը, ինչ կոնկրետ շերտեր այն կարող է ընդգրկել: Աբրահամյանի խոսքով՝ իրանական կողմի ելույթներում խոսվել է ռազմական հրահանգիչներ ուղարկելու, համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, ակնարկներ են եղել Սյունիքում ռազմական կոոպերացիայի ուժեղացման մասին և այլն: Բայց պետք է հասկանալ, որ դրանք չափազանց նուրբ և յուրահատուկ հարցեր են, որոնք պետք է խորը վերլուծության և քննարկման առարկա դառնան: Բայց, միանշանակ, երկու երկրներն ունեն համատեղ շահեր, ինչպես նաև այդ շահերն իրականացնելու ներուժ։
Անվտանգության ոլորտում համագործակցության մասին խոսելիս չի կարելի հաշվի չառնել մի հանգամանք՝ Իրանն ավանդաբար զգուշավորությամբ է նայում տարածաշրջանային գործերում երրորդ ուժերի ներգրավմանը։ Այս տեսանկյունից ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում որոշակի մտահոգություն է առաջացրել Թեհրանում։ Աբրահամյանը նշեց, որ Եվրոպական առաքելության հարցը նույնպես իրանցի փորձագետների հետ քննարկումների թեմա է եղել: Եվ իրանցիների հիմնական մտահոգությունը ոչ թե ներկայիս տեսքով ու վիճակում գտնվող առաքելությունն է, այլ այն, որ այն կարող է հիմք հանդիսանալ Հայաստանում Արևմուտքի լիարժեք ռազմական ներկայության համար:
Թեհրանը Երևանի հետ հարաբերությունները տեղափոխում է գործնական փուլ. իրանցի պատգամավոր
Նշենք, որ իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը և Թուրքիան տևական ժամանակ փաստացի պնդում են, որ իրենց արտատարածքային միջանցք տրամադրեն ՀՀ Սյունիքի մարզով՝ Նախիջևանի ինքնավարության և Ադրբեջանի մյուս հատվածի միջև ցամաքային կապ հաստատելու նպատակով։ Իսլամական Հանրապետությունը Այս սցենարն էլ ձգտում է թույլ չտալ։