ՀՀ–ն և Իրանը պետք է պաշտպանության և անվտանգության պայմանագիր կնքեն. իրանցի փորձագետ

Մաջիդ Քարիմին կարծում է, որ երկու երկրները տարածաշրջանում գտնվում են աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում, իսկ դա թե՛ ՀՀ–ի, թե՛ Իրանի համար պետք է լինի էլ ավելի զգոն լինելու ազդակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանն ու Իրանը պետք է վերանայեն իրենց արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև կնքեն համատեղ պաշտպանության և անվտանգության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Կովկասի հարցերով ավագ փորձագետ Մաջիդ Քարիմին Թեհրանում ընթացող «Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությունը տարածաշրջանային և անդրտարածաշրջանային սպառնալիքների ենթատեքստում» սեմինարի ժամանակ:
Ըստ նրա` համատեղ պայմանագրերի կնքումը Հարավային Կովկասում ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամից դուրս գալու և ընդհանուր սպառնալիքները չեզոքացնելու միակ ելքն է։
Թեհրանը Երևանի հետ հարաբերությունները տեղափոխում է գործնական փուլ. իրանցի պատգամավոր
Նա նշել է, որ Իրանը բազմիցս է լիակատար պատրաստակամություն հայտնել ՀՀ–ի հետ կնքել անվտանգության ցանկացած պայմանագիր:
«Զանգելանի (Կովսական,–խմբ.) միացումը Նախիջևանի հետ քաղաքական և հպանցիկ հարց չէ»,–նշել է Քարիմին` հավելելով, որ Բաքվի և Անկարայի համար դա աշխարհաքաղաքական և մշտական հարց է, և նրանք միշտ ձգտում են իրագործել այդ ծրագիրը։
Նրա կարծիքով` Հայաստանն այժմ գտնվում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի (1921 թ.) գրեթե միևնույն իրավիճակում։
Փորձագետի համոզմամբ` այսօր Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության մասին դաշնագրի կնքման լավագույն պատմական պահն է:
«Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր պաշտպանունակությունը և անվտանգությունը։ Իրանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Երևանի հետ կնքել անվտանգության ցանկացած պայմանագիր, և գնդակն այժմ Երևանի դաշտում է»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ Իրանի հետ տարածաշրջանային քաղաքականության վերանայման մասին դեռևս 2022 թ. հայտարարել էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա՝ դա թույլ կտա ՀՀ–ին դիմակայել մարտահրավերներին և կանխել Սյունիքի մարզի նկատմամբ ինքնիշխանության փաստացի կորուստը: Այդ համատեքստում նա առաջնային է համարել Իրանի հետ հարաբերությունների գրագետ կառուցումը։ Հենց այդ ժամանակ էլ Քոչարյանը հայտարարել էր, որ տարիներ առաջ երկրների միջև նախատեսվում էր պայմանագիր ստորագրել՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ ոլորտում։