ՀՀ գործընկերների մոտ առաջացել են բացասական սպասումներ. տնտեսագետը` Քերոբյանի գործի մասին

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է էկոնոմիկայի նախարարի և նախարարության այլ պաշտոնյաների մասնակցությամբ քրեական վարույթին, խոսել ՀՀ իմիջի վրա դրա հնարավոր բացասական հետևանքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Պետության վարկանիշի մասին կառավարության ղեկավարն ու տնտեսագետները պետք է մտահոգվեին ոչ թե էկոնոմիկայի նախարարի նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո, այլ այն ժամանակ, երբ երկրի համար կարևորագույն ոլորտը վստահվում էր ոչ մասնագետին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիրատկում արեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` պատասխանելով Էկոնոմիկայի նախարարության շուրջ կատարվող իրադարձությունների` ՀՀ տնտեսական վարկանիշի վրա հնարավոր ազդեցության մասին հարցին։
«Ես ավելին ասեմ` տասնյակներով մարդիկ այնտեղ տեղավորվել են` ոչ քաղծառայողներ, այլ կամայական անձինք` ծանոթ, բարեկամ, ընկեր, փողոցից ուղղակի ներգրավելով, շատ բարձր աշխատավարձերով ու պարգևավճարներով։ Ո՞ւմ հաշվին, ո՞վ է դրա համար վճարում։ Մենք` հարկատուներս։ Որևէ մեկին հաշվետու եղե՞լ են` ինչի վրա եմ ծախսվում այդ գումարները։ Գյուղացիական տնտեսությունների համար հատկացված հսկայական գումարներն ո՞ւր են գնացել։ Պետք է կառավարության ղեկավարը բարձրաձայնե՞ր կառավարության նիստում, ասե՞ր, որ չկան»,– ասում է Մանասերյանը` ստեղծված իրավիճակի համար մեղադրելով ոչ միայն իշխանությանը, այլև հանրությանն ու հատկապես ոլորտի մասնագետներին` լռելու ու հանդուրժելու համար։
Փետրվարի 14-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց իր հրաժարականի մասին, ինչին հետևեց նաև ազատման որոշումը։
Մեկ օր անց արդեն նախկին նախարարին հրավիրեցին Քննչական կոմիտե, մեղադրանք առաջադրեցին, որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։
Նշենք, որ Քերոբյանի պաշտոնանկությանը նախորդել էր էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրանին, «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին և ընկերության մի քանի աշխատակիցների, որոնց թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին։
Տեղի ունեցածի իրավական գնահատականները թողնելով իրավապահներին` Թաթուլ Մանասերյանն այնուամենայնիվ ընդգծում է, որ այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ, որոնք, սակայն հաղթահարելի են։
ԵԱՏՄ շնորհիվ ՀՀ տնտեսական սպասումները կարող են կրկնապատկվել. Թաթուլ Մանասերյան
«Մենք կարող ենք վերականգնել երկրի իմիջը` պարզ քայլեր անելով, նախ և առաջ` ինքներս մեզ հետ ազնիվ լինելով։ Եթե խնդիրը վերաբերում է Էկոնոմիկայի նախարարությանը, ապա պետք է որոշումներ կայացնելու գործընթացներում անպայման ներգրավել գործարարներին, փորձագետներին։ Մենք ունենք փայլուն երիտասարդ մասնագետներ, միջին տարիքի փորձագետներ, որոնք կարող են օգտակար լինել երկրին։ Նրանք չպիտի լինեն պարապ քննադատողների դերում»,– ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով վերջին իրադարձությունների հետևանքով օտարերկրյա ներդրողների շրջանում ՀՀ տնտեսական կառավարման նկատմամբ ձևավորված հնարավոր բացասական կարծիքին` Մանասերյանը նկատում է, որ օտարերկրյա գործարարը որպես կանոն նայում է տվյալ երկրում աշխատող ներքին ներդրողների վարքին։
«Տեղացուց բացի սփյուռքահայը պիտի ներդրում անի, սփյուռքահայից հետո արդեն օտարը։ Ահա այն պարզ քայլերը, որոնք պետք է իրականացվեն։ Ու ամեն ինչի համար պետք է հաշվետու լինել ժողովրդին։ Չի կարելի հարկատուի հաշվին Snoop Dog հրավիրել ու ասել. «Դուք ի՞նչ կապ ունեք, մենք որոշեցինք, մենք էլ անում ենք»։ Կամ Փարիզում դեսպանատան համար 29 մլն եվրո ծախսել, այն դեպքում, երբ մենք սովյալներ ունենք ՀՀ–ում»,– եզրափակեց Մանասերյանը։
Հավելենք, որ Էկոնոմիկայի նախարարության գործի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, որոնցից 5-ը նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ: