ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը: Այս մասին ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հոդվածում, որը հրապարակվել է «Միջազգային կյանք» ամսագրում։
«Կազմակերպությունում Հայաստանի աշխատանքը շարունակվում է. ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ բազմակողմ շփումներն իրականացվում են աշխատանքային ռեժիմով: Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ ՀԱՊԿ պետություններն իրենց հերթին պահպանում են ՀՀ–ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը»,– նշել է Տասմագամբետովը։
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ, մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ամիսներ առաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուսի մայրաքաղաքում չմասնակցեց ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին: Անցյալ տարի Հայաստանի իշխանությունն աննպատակահարմար համարեց հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը։