ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կարող է մեծապես տուժել, եթե բացվի Թուրքիայի հետ սահմանը։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումից` թուրքական էժան ապրանքների լայնածավալ ընդլայնումից խոցելի լինելու պատճառով։ Չկասկածեք, որ տեղական արտադրությունը կվերանա։ Նույնիսկ այն արտադրությունը, որ Թուրքիայում չկա, կվերաարտահանեն, կբերեն Հայաստան ամբողջ շուկան գրավելու համար։ Ղրղզստանն այդ վիճակում հայտնվեց 20-25 տարի առաջ, երբ չինական ապրանքներն էին ներմուծվում և դեռ ուշքի չի գալիս։ Օրինակները բազմաթիվ են»,– ասաց Մանասերյանը` պատասխանելով հարցին, թե ՄԱԿ–ի տվյալներով Թուրքիան 2023-ին ավելացրել է արտահանումը Հայաստան 6 անգամ, ինչ սպասել սրանից։
Տնտեսագետը նշեց, որ թուրքական ապրանքների էքսպանսիայից դժգոհություններ կան ոչ միայն Հայաստանում, այլև Միջին Ասիայի երկրներում, ինչի մասին իրենք տեղյակ են այդ երկրների իրենց կոլեգաների հետ շփումներից։
Նա շեշտեց` տնտեսական անկախությունը պետական անկախության և անվտանգության մի մասն է։
Ինչպես արդեն հայտնել էինք, ՄԱԿ-ի Comtrade հարթակի նախորդ տարվա արդյունքներով Թուրքիան բոլորից շատ ավելացրել է արտահանումը Հայաստան` միանգամից վեց անգամ, միևնույն ժամանակ Հարավային Աֆրիկա ապրանքների մատակարարումը նվազել է 2.2 անգամ։