Արքեպիսկոպոս Մաշալյանը Մայր աթոռ է ժամանել

Պոլսո հայոց պատրիարքն իր օրհնությունն է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Կ. Պոլսի հայոց պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ժամանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։ Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
«Այս առիթով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի հայոց պատրիարքին թափորով առաջնորդեցին Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ–մկրտարան, որտեղ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ կատարվեց «Հրաշափառի» արարողություն։ Մուշեղ Սրբազանը Մայր աթոռի միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Սահակ պատրիարքին»,– ասված է հաղորդագրությունում։
Պոլսո հայոց պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը։
Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև մասնակցելու է Մայր աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: