2024 թվականի աշնանը նախատեսվում է «Էրմիտաժի» անկյուն բացել «Էրեբունիում»․ մանրամասներ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Անկյունը նվիրված կլինի հնագիտության և մշակույթի ոլորտներում Բորիս Պիոտրովսկու ավանդին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. 2024 թվականի աշնանը նախատեսվում է «Էրմիտաժ» պետական թանգարանի անկյուն բացել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց արգելոց–թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
2023 թվականի մայիսին «Էրեբունու» և «Էրմիտաժի» միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել, որը պայմանավորվածությունների և նախագծերի մի ամբողջ համալիր է նախատեսում: Փետրվարի 14-ին՝ ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու ծննդյան օրը, «Էրմիտաժում» բացվեց «Էրեբունու» անկյունը:
«Էրմիտաժի» անկյունի բացման կապակցությամբ նախատեսվում է նաև, որ Երևանի կայցելի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին և դասախոսություն կանցկացնի հայաստանյան թանգարանների տնօրենների համար:
«Եթե բացումն այս տարի տեղի ունենա, ապա առանց Միխայիլ Պիոտրովսկու չի անցնի։ Այսինքն՝ ակնկալում ենք «Էրմիտաժի» գլխավոր տնօրենի այցը», - ասաց Բադալյանը։
Անկյունը նվիրված կլինի հնագիտության և մշակույթի ոլորտներում Բորիս Պիոտրովսկու ավանդին: Ծրագրում են VR տեխնոլոգիաներ կիրառել ԽՍՀՄ պատմական շրջանն ու Կարմիր բլուրում հայտնաբերված հնագիտական իրերը ցուցադրելու համար։ Այս պահին կողմերն աշխատանքներ են տանում վերջնական հայեցակարգի ուղղությամբ։
Ինչ վերաբերում է «Էրմիտաժում» «Էրեբունու» անկյունի բացմանը, ապա Բադալյանը դա մեծ ձեռքբերում համարեց:
«Մեր թանգարանն աշխարհում առաջինն է, որ ներկայացվածություն ունի Սանկտ Պետերբուրգի պետական թանգարանում, ինչը մեծ պատիվ է մեզ համար», - ասացնա՝ ավելացնելով, որ այս իրադարձությունն ընդգծում է հայկական մշակույթի նշանակությունը և նոր հորիզոններ բացում այն ուսումնասիրելու և հանրահռչակելու համար:
Բադալյանն ընդգծեց, որ «Էրմիտաժում» մեկ տարի շարունակ ցուցադրվելու է Արգիշտի Ա թագավորի սեպագիր արձանագրությունը, որը վկայում է Էրեբունի քաղաքի հիմնադրման մասին: Այդ արձանագրությունը հաճախ անվանում են Երևանի «քարե անձնագիր»։
Բացի այդ, մարտի վերջից այցելուները ինտերակտիվ ցուցադրությունների և VR ակնոցների միջոցով կկարողանան ծանոթանալ «Էրեբունի» ամրոցի պատմությանը և նրա դերակատարմանը Երևանի զարգացման համատեքստում:
Համատեղ նախագծերի շրջանակում նախատեսվում են նաև «Էրմիտաժի» մասնագետների այցեր՝ հնագիտական պեղումների մասնակցելու և հայ վերականգնողների հետ փորձի փոխանակման նպատակով: