1 տարում` 770 պացիենտ. գլխուղեղի իշեմիկ կաթվածների բուժման ծրագիրն ընդլայնվել է

Առողջապահության նախարարության ծրագիրը գործում է Երևանի 4 բժշկական կենտրոնում, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծրագիրն ընդլայնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների դեպքում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող անվճար բուժման իրավունքից 2023 թվականին օգտվել է շուրջ 770 պացիենտ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Մարզային բնակչության համար ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով այսուհետ ծրագիրը կգործի նաև Վանաձորի բժշկական կենտրոնում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
«Գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ պացիենտներին Վանաձորի բժշկական կենտրոնում կիրականացվի ներերակային թրոմբոլիտիկ թերապիա Գյումրու բժշկական կենտրոնի կաթվածի թիմի մասնագետների ցուցումով՝ կիրառելով «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում գործող հեռաբժշկության բաղադրիչը, որից հետո, հետագա բուժօգնության կազմակերպման նպատակով, պացիենտը կտեղափոխվի Գյումրու բժշկական կենտրոն:
Հայ բժշկի նոու-հաուն կարող է վերակենդանացնել ուղեղը կաթվածի դեպքում
Ծրագրում ընդգրկվելու հիմք է պացիենտի մոտ «գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում, ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:
Առողջապահության նախարարության ծրագիրը գործում է Երևանի 4 բժշկական կենտրոնում, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում: