ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Գունավոր» հեղափոխությունների ընթացքում զանգվածային բողոքի ակցիաները, բազմահազարանոց հանրահավաքները ընդամենը շղարշ են՝ իրական կազմակերպիչների (ի դեմս Արևմուտքի) «ականջները» թաքցնելու և «ժողովրդի կամքն» իրագործելու տպավորություն ստեղծելու համար։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց անվտանգության հարցերի փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Միայն մարդկանց փողոց դուրս բերելով չի կարելի իշխանափոխության հասնել։ Այդ նպատակով արտաքին ուժերը նախապես հինգերորդ և վեցերորդ շարասյուներ են ձևավորում»,- ասաց Նահապետյանը Կիևի Մայդանի իրադարձությունների 10-րդ տարվան նվիրված ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ հենց 6-րդ շարասյունը (հավատարիմ պաշտոնյաներն ու գործարարները) առանցքային դեր խաղացին Ուկրաինայի հեղափոխական գործընթացների սրման գործում։
Նա հիշեցրեց, որ ինչ-որ փուլում Ուկրաինայում ժողովրդական ցույցերը հանդարտվել էին, իսկ Մայդանում ընդամենը մի քանի ուսանողական վրան էր մնացել։ Այսինքն՝ հեղափոխական ակտիվությունը աստիճանաբար նվազում էր։ Եվ հանկարծ Մայդանից ուղիղ եթեր հեռարձակող հեռուստաընկերությունների տեսախցիկների առաջ ուկրաինական «Բերկուտի» հատուկջոկատայինները սկսեցին ցրել սակավաթիվ ցուցարարներին, ինչը, փորձագետի կարծիքով, միանգամայն անտրամաբանական էր։ Դա համաժողովրդական վրդովմունք առաջացրեց, որը բորբոքվեց Արևմուտքի կողմից վերահսկվող սոցիալական ցանցերի միջոցով, ինչն էլ ի վերջո արևմտյան համակարգողներին հնարավորություն տվեց բարձրացնելու հեղափոխական պայքարի ինտենսիվությունը։
Փորձագետի խոսքով՝ ուսանողներին բիրտ ուժով ցրելու կարգադրությունն արել էր նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործերի ղեկավար Սերգեյ Լևովոչկինը, որը նոր իշխանության օրոք օլիգարխ դարձավ: Նույնիսկ Յանուկովիչն ինքը, ըստ էության, 6-րդ շարասյան ներկայացուցիչ էր, քանի որ հենց նրա օրոք սկսվեցին վարժանքները Ուկրաինայի ազգայնական ճամբարներում։ Նրան անվտանգության երաշխիքներ էին տրվել, բայց Արևմուտքը հայտնի է իր նենգությամբ և խոստումները չկատարելով։ Յանուկովիչի դեմ 2 մահափորձ եղավ, սակայն ռուսական հատուկ ծառայություններին հաջողվեց նրան տեղափոխել ՌԴ։
«Յանուկովիչն իշխանությունը հանձնեց արևմտամետ ընդդիմությանը, ընդ որում՝ ԱՄՆ ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի ներկայությամբ, բայց Մայդանը, միևնույնն է, արյունալի շարունակություն ունեցավ։ Այդ իրադարձությունների զոհ դարձավ 100 մարդ՝ «Երկնային հարյուրյակը», իսկ առաջին զոհը հայազգի Սերգեյ Նիգոյանն էր։ Ավելի ուշ պարզվեց, որ «Ուկրաինա» հյուրանոցի տանիքից դիպուկահարները սպանում էին բարիկադների երկու կողմերում կանգնած մարդկանց։ Դա անհրաժեշտ էր ուկրաինական նոր իշխանությանը արյունով կաշկանդելու, այն ավելի կառավարելի դարձնելու համար։ Դա դեպի Արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացման 5-րդ փուլն էր՝ Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու նպատակով»,-կարծում է փորձագետը։
Արդյունքում ԱՄՆ–ին հաջողվեց թշնամացնել եղբայրական ժողովուրդներին, 2014-2022 թվականներին Դոնբասի տասնյակհազարավոր խաղաղ բնակիչներ սպանվեցին, այդ թվում՝ հազարավոր երեխաներ։ Ուկրաինայի պատերազմի շնորհիվ ԱՄՆ-ն չեզոքացրեց տնտեսական մրցակցին՝ ի դեմս ԵՄ-ի և մասնավորապես Գերմանիայի։
Իսկ Արևմուտքի գլխավոր նպատակը Ռուսաստանում իշխանությունը տապալելն է՝ «Ռուսական Մայդան» սարքելով։ Այդ նպատակով սահմանվեցին պատժամիջոցներ, որոնք պետք է տնտեսության կոլապս հրահրեին, իսկ ռազմական կորուստները պետք է հասարակության մեջ դժգոհություն առաջացնեին։
Սակայն Ռուսաստանում ներքաղաքական ցնցումներ տեսնելու արևմտյան հույսերը չարդարացան։ Ռուսաստանում հանրությունը համախմբվեց երկրի ղեկավարության շուրջ, ռազմարդյունաբերական համալիրն արդիականացրեց եղածը և սկսեց նոր զինատեսակներ թողարկել, իսկ Ռուսաստանի տնտեսությունն աճում է՝ ի տարբերություն եվրոպական շատ երկրների։
Ավելին՝ ռազմական հատուկ գործողությունը սկսելով` Ռուսաստանը ապագաղութացման նոր շարժում բարձրացրեց, որին միացան Չինաստանը, Բրազիլիան, Արգենտինան, Իրանը։
Իսկ ԱՄՆ-ն, Նահապետյանի կարծիքով, պետք է սպասի «Պոտսդամ-2»-ի ստորագրմանը և հաշտվի այն բանի հետ, որ բազմաբևեռ աշխարհն արդեն փաստ է։
Եվրամայդանի թեմային նվիրված ասուլիսին մասնակցում էր նաև «Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման առաջնորդ, Ազգային ժողովի երեք գումարման պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա ընդգծեց, որ երկրի «առողջության» գլխավոր ցուցանիշը ժողովրդագրական իրավիճակն է։ Եթե բնակչության թիվն աճում է, ապա երկիրը համարվում է «առողջ», իսկ եթե քաղաքացիները զանգվածաբար լքում են, ապա երկիրը «հիվանդ» է համարվում:
Հայկ Բաբուխանյան
© Sputnik / Asatur Yesayants
«Ուկրաինան կորցրեց տնտեսությունը, հսկայական միջազգային պարտքերի տակ ընկավ։ Բայց ամենամեծ կորուստը բնակչության կրճատումն է։ 1950-1991 թվականներին Խորհրդային Ուկրաինայի բնակչությունը 37-ից հասել էր 52 միլիոնի։ Նույն տեմպերի պահպանման դեպքում այսօր Ուկրաինայի բնակչության թիվը կարող էր հասնել 64 միլիոնի։ Սակայն անկախության տարիներին նրա բնակչությունը կրճատվեց՝ հասնելով 29 միլիոնի։ Միայն վերջին 10 տարում Ուկրաինան 10 միլիոն մարդ կորցրեց»,-նշեց Բաբուխանյանը։
Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքը փորձում էր վնաս հասցնել Ռուսաստանին, բայց Մոսկվային ի վերջո հաջողվեց իրավիճակն իր օգտին շրջել՝ ՌԴ-ին նոր տարածքներ միացան, զգալիորեն բարձրացավ ինքնիշխանության մակարդակը, տնտեսությունն ավելի դիմացկուն դարձավ արտաքին ազդեցությունների նկատմամբ, ռուսական բանակը կարող է հավակնել աշխարհում ամենաուժեղի կոչմանը:
«Եվրամայդանի և իրադարձությունների հետագա սրման արդյունքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաղթեցին, իսկ ԵՄ-ն ու Ուկրաինան պարտվեցին։ Անհասկանալի է, թե Ուկրաինայի ինչին էր դա պետք։ Իբր անվտանգության երաշխիքների համար: Բայց ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան կորցրեց անվտանգությունը, նա ապագա չունի։ Ուկրաինայում արտաքին կառավարում մտցրեցին, զոհաբերեցին երկիրն ու բնակչությունը»,- կարծում է Բաբուխանյանը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինան տարրալուծվել է երրորդ կողմերի կռիվների մեջ։