Ռուսաստանն ու Հայաստանը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկովի խոսքով` ՌԴ–ն համառորեն կշարունակի բացատրել իր իրավացիությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն Ուկրաինայի վերաբերյալ, Մոսկվային քաջ հայտնի է այդ դիրքորոշումը: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ:
«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ ։ Դա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է։ Մենք նրանց հետ համաձայն չենք այս հարցում և համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք` Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր նաև, որ Ուկրաինայի հարցում մեր ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու հիմքը: Մեր տրամաբանությամբ նույնը պետք է գործի նաև Ուկրաինայի պարագայում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս: