Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի «Ամերիաբանկի» վաճառքի հետ. Մեսրոպ Առաքելյան

Ռուբեն Վարդանյան
Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի «Ամերիաբանկի» հնարավոր վաճառքի հետ։ Վարդանյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն այս մասին գրել է ֆեսյբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վրաստանի բանկի» սեփականատեր «Bank of Georgia Group PLC»–ն 303,6 մլն դոլարով ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Ամերիաբանկի» բաժնետոմսերը։ Այժմ «Ամերիաբանկի» բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%):
Առաքելյանն ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում «Ամերիաբանկի» բաժնետեր։
«Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել: Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։ Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ»,– գրել է Առաքելյանը։
Ըստ նրա` բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022 թ․։
Առաքելյանը նշել է, որ բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա ՀՀ պետական մարմինների հաստատումը։
Հիշեցնենք, որ 2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է Արդշինբանկին:
Ինչ վերաբերում է «Վրաստանի բանկին», ապա նրա ամենամեծ բաժնետերը «Georgia Capital»–ն է, սակայն բաժնետոմսերը պատկանում են այնպիսի ներդրումային կազմակերպությունների, ինչպիսիք են «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard»-ը և այլն: