Պետք չէ անհարկի վախենալ կամ վտանգ զգալ. Ճզմաչյանը` «Ամերիաբանկի» վաճառքի մասին

ՀՀ բանկերի միության նախկին նախագահն այն համոզման է, որ «Bank of Georgia Group»–ի նման խոշոր կառույցը կարող է դրական փոփոխություններ բերել մեր ֆինանսական շուկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Մեր նման փոքր երկրի բանկային համակարգ երբ նոր խաղացող է մտնում, վատ չէ, առավել ևս, եթե խոշոր խաղացողը ինստիտուցիոնալ կառույց է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բանկերի միության նախկին նախագահ, Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Ճզմաչյանը` անդրադառնալով «Վրաստանի բանկի» կողմից հայկական շուկա մուտք գործելուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ամերիաբանկի» բաժնետոմսերը 303,6 մլն դոլարով գնել է «Վրաստանի բանկը»` Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված «Bank of Georgia Group»-ը։ Խումբն այսպիսով դարձավ «Ամերիաբանկի» հիմնական բաժնետեր:
«Ես, ունենալով բանկային համակարգում երկարամյա փորձ և լինելով լիդեր, կարող եմ ասել, որ սկզբնական շրջանում միշտ էլ թերահավատորեն ենք նայում շուկա մուտք գործած նոր բանկերին ու ֆինանսական կառույցներին, սակայն հետո ժամանակը ցույց է տալիս, որ նրանք կարողանում են կայանալ ու դրական ազդեցություն ունենալ մեր ֆինանսական շուկայի վրա»,– վստահեցրեց Ճզմաչյանը։
Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ «Վրաստանի բանկը» Լոնդոնի ֆոնդային բորսայում վաճառվեց համաշխարհային այնպիսի խոշոր կառույցների, ինչպիսիք են «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard Group»-ը, «Schroders»-ը, «Norges Bank Investment Management»-ը, որոնք էլ ձևավորեցին «Bank of Georgia Group»–ը։
«Bank of Georgia Group»–ը («Վրաստանի բանկը»,–խմբ.), կարծում եմ, մեր բանկային շուկա միայն լավը կարող է բերել և պետք չէ անհարկի վախենալ կամ վտանգ զգալ ինչ–որ բաներից։ Ի դեպ, «Bank of Georgia Group»–ի մոտավորապես 40 տոկոսը պատկանում է փոքր բաժնետերերի, որոնք կարող են լինել և՛ ֆիզիկական անձինք, և՛ մանր ձեռներեցներ»,– նշեց Ճզմաչյանը։
ԱԱԾ–ն հերքում է. «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին բերման չեն ենթարկել
Մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ «Վրաստանի բանկի» բաժնետերերի մեջ կարող են լինել ազգությամբ թուրքեր և ադրբեջանցիներ, ՀՀ բանկերի միության նախկին նախագահը նկատեց, որ նույն կերպ բանկում կարող են աշխատել նաև հայեր, ռուսներ և այլն։
«Ի դեպ, ՀՀ կենտրոնական բանկի իրավունքն ու պարտավորությունն է ամենայն մանրամասնությամբ ստուգել ամբողջ տեղեկատվությունը, որը կապված է ՀՀ ֆինանսական շուկա մուտք գործող բանկերի հետ, որոնք ցանկանում են ներդնել կապիտալ կամ գնել տեղի բանկերի կապիտալը»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե այսպիսով մեր բանկային տվյալները կփոխանցվեն 3–րդ երկրների տնօրինմանը, այդպիսով խախտելով ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքը, Ճզմաչյանը կոչ արեց առանձնապես չկենտրոնանալ այդ թեմայի վրա. եթե ինչ–որ մեկին ինչ–որ ինֆորմացիա անհրաժեշտ լինի, ապա մեր ժամանակներում հնարավոր է հեշտությամբ գտնել դա։
Նա դժվարացավ հստակ գնահատական տալ` «Ամերիաբանկի» վաճառքը մեր երկրի համար ձեռքբերո՞ւմ էր, ուղղակի նոր փոփոխությո՞ւն, թե՞ հակառակը։ ՀՀ բանկերի միության նախկին նախագահը խորհուրդ տվեց պարզապես ապավինել ժամանակին ու հետևել զարգացումներին։
Նշենք, որ 2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է Արդշինբանկին:
«Ամերիաբանկի» բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%):
Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի «Ամերիաբանկի» վաճառքի հետ. Մեսրոպ Առաքելյան
Ի դեպ, «Ամերիաբանկը» փետրվարի 19–ին հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ գործարքի համաձայն` «Bank of Georgia Group»–ը կդառնա «Ամերիաբանկի» հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։
Ֆինանսական ծառայությունները վերահսկող բրիտանական մարմինը (Financial Conduct Authority, FCA) արդեն հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների, այդ թվում`ՀՀ կենտրոնական բանկի կողմից։