Մենք ամեն ինչ կապացուցենք. ի՞նչ են ասում Հայկական Կարմիր խաչի հակառակ կողմում

ՀԿԽԸ նախկին գործադիր քարտուղար Աննա Եղիազարյանի համար փաստաբան Լևոն Բաղդասարյանի հնչեցրած մեղադրանքները նորություն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Հայկական Կարմիր խաչ ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, որը պնդում է, որ իրեն նախագահության 1/3-ն ընտրել է կառույցի նախագահ, վստահ է` կարող է իր անմեղությունն ապացուցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով նախագահության փաստաբանի ներկայացրած մեղադրանքներին` Եղիազարյանի մամուլի խոսնակ Նունե Գրիգորյանը շեշտեց, որ իրենք առաջին անգամ են լսում մեղադրանքները և դրանք անհիմն են համարում։
Նշենք, որ Հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահության փաստաբան Լևոն Բաղդասարյանը փետրվարի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք հանցագործության մասին ավելի քան 10 հաղորդում են ներկայացրել, այդ թվում 60 մլն դրամ և ավելի գումար Կարմիր խաչից գողանալու, ինչպես նաև ապօրինի գույք օգտագործելու և գրասենյակին առնչվող փաստաթղթեր գողանալու մասին։ Բաղդասարյանը դժգոհություն հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ օրս իրենց հաղորդումներին ընթացք չի տվել, սակայն ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի ներկայացրած հաղորդումից հետո վերջինիս տուժող են ճանաչել։ Եղիազարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իրեն ապօրինի են աշխատանքից ազատել, քանի որ ինքն արձակուրդում է եղել։
«Ինչպես Լևոն Բաղդասարյանն ասաց, անգամ իրավապահներն իր ներկայացրած հաղորդումները չեն ընդունել։ Դրանք ակնհայտ անհիմն են։ Միլիոնների հետ կապված աղմկահարույց հայտարարությունը, ինչպես նաև մյուս հաղորդումները մեզ համար նորություն էին։ Փետրվարի 9-ից անձնակազմի մեծ մասը հասանելություն չունի ո՛չ գույքին, ո՛չ էլ ֆինանսական փաստաթղթերին, գործարքներին և հրաժարվել է աշխատել այս ղեկավարության հետ։ Տիկին Եղիազարյանի օրոք ցանկացած չարաշահում բացառվում է։ Թող դիմեն իրավապահներին ու այնտեղ նույնպես դա կապացուցվի»,– ասաց Գրիգորյանը։
Եղիազարյանի մամուլի խոսնակն ընդգծեց, որ իրենք թափանցիկ են աշխատել, ու դա երևում է և՛ այն միլիոնավոր միջոցների շնորհիվ, որ հնարավոր է լինում մոբիլիզացնել, և՛ դոնորների հետ համագործակցությունից։ Նա վստահեցրեց` 2020 թվականի COVID-19-ի համավարակից սկսած, մինչև ԼՂ–ից 2023 թվականի սեպտեմբերի 19-ի տեղահանման գործընթացները, ամեն ինչ փաստաթղթավորված է, ֆինանսական գործարքների վերաբերյալ բոլոր տվյալներն առկա են։ Գրիգորյանը շեշտեց, որ ամեն ինչ առցանց է արվում և ցանկացած հաղորդման դեպքում պետք է ապացուցել մեղավորությունը։
Գոտկատեղից ներքև հարված է. փաստաբանը՝ Հայկական Կարմիր խաչի շուրջ սկանդալի մասին
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Լևոն Բաղդասարյանը ձայնագրություն հնչեցրեց, որտեղ մի աղջիկ նշում է, թե նոր հանձնարարություն կա` թիմակիցները պետք է ժամը 10։30-ին գրասենյակ գնան ու պետք է անուն–ազգանուններ ասել և հեռախոսահամարներ։ Ըստ փաստաբանի` ձայնագրությունում խոսվում է փետրվարի 17-ին կազմակերպված ակցիայի մասին, երբ Աննա Եղիազարյանը փորձում էր շենք մուտք գործել, սակայն ոստիկանության ծառայողները հսկում էին ընկերության շենքը։
Նունե Գրիգորյանն ընդգծեց` երիտասարդ կամավորի ձայն է լսվում, որը իր ընկերներին ասում է` պետք է գան օֆիսի մոտ դասընթաց կազմակերպելու։ Նա վստահեցրեց` ցանկության դեպքում կիմանան, թե ով էր ձայնագրությունում խոսում, բայց այնտեղ շատ անմեղ նախադասություններ են հնչում, ու իրենք նույնիսկ անհանգստանալու առիթ չեն տեսնում։
«Զավթել են շենքը». Աննա Եղիազարյանը չի հասկանում` ինչու թույլ չեն տալիս մտնել Կարմիր խաչ