«Մայր Հայաստանը» կներկայացնի հասարակական տրանսպորտի բարեփոխման իր նախագիծը. մանրամասներ

Խմբակցությունը բոլոր ուժերը կներդնի, որ նախագիծը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի օրակարգ մտցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Մայր Հայաստան» խմբակցությունը հասարակական տրանսպորտի բարեփոխման նախագիծ կառաջարկի, որն ուղղված կլինի ուղեվարձի թանկացումը զսպելուն։ Տեղեկությունը հայտնեց խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
Ստեղծված պայմաններում գինը կարող է բարձրանալ մինչև 130 դրամ, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Սուքիասյանի պնդմամբ, նախատեսում է բարձրացնել սակագինը մինչև 280 դրամ:
Պատգամավորը վստահ է, որ տրանսպորտային համակարգի արդիականացումը հնարավոր է իրականացնել առանց սակագների բարձրացման, սակայն այդ դեպքում պետական սուբսիդավորում անհրաժեշտ կլինի: Նա նաև ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտը պետք է ամբողջովին անվճար դառնա։
Երևանում տրանսպորտի գինը տարբեր խմբերի համար կարող է խիստ տարբեր լինել. ինչ առաջարկներ կան
«Մայր Հայաստան» խմբակցությունը բոլոր ուժերը կներդնի, որ նախագիծը մտնի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի օրակարգ և հանրային քննարկումների դրվի:
Ավելի վաղ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ 2024 թվականի սեպտեմբերից Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կրկնակի կբարձրանա, իսկ մեկանգամյա ուղեվարձը կկազմի 300 դրամ: Այս պնդումները նույն օրը հերքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին հայտարարել է, որ ուղեվարձը կարող է թանկանալ նրանց համար, ովքեր «հազվադեպ են օգտվում դրանից»: Միևնույն ժամանակ նախատեսվում է սուբսիդավորել ուղեվարձը մշտական ուղևորների և բնակչության խոցելի շերտերի համար: Նա վստահեցրել է, որ սակագինը կա՛մ կվերանայվի նվազագույն բարձրացմամբ, կա՛մ կմնա նույնը։
Տրանսպորտի գինը թանկացնելու են, դրա համար ինձ չեզոքացնում են. Մարությանին զրկեցին մանդատից
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից նախատեսվում է ներդնել ուղեվարձի վճարման միասնական համակարգ՝ ներառյալ էլեկտրոնային տոմսերն ու ուղևորական քարտերը տարբեր սակագնային պլաններով՝ 70 րոպե, 24 ժամ, 7 օր, 30 օր, 90 օր և մեկ տարի, ինչպես նաև 10 ուղևորության տոմս։