ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Նավը, որն ավելի վաղ հարձակման էր ենթարկվել Եմենի հութիների կողմից («Անսար Ալլահ» շարժում) Ադենի ծոցում, խորտակվել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արաբական ԶԼՄ–ներին։
«Խորտակվել է նավը, որը Ադենի ծոցում գրոհել էին հութիները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել էր, որ Եմենի ԶՈւ–ի ռազմածովային ուժերը մի քանի հականավային հրթիռներով հարձակվել են բրիտանական RUBYMAR նավի վրա, նավը վնասվել է, ինչը կարող է խորտակման հանգեցնել։ Նա նշել էր, որ նավի անձնակազմը տարհանվել է։
Հութիները Կարմիր ծովում ամերիկյան և բրիտանական նավերի վրա սկսել են հարձակվել այդ երկրների ավիացիաների կողմից հունվարի կեսերին Եմենի ռմբակոծությունից հետո։ Բրիտանացիների և ամերիկացիների գործողություններն ուղղված էին Իսրայելի հետ առնչություն ունեցող կամ Կարմիր ծովում Իսրայելի նավահանգիստներ մեկնող նավերի նկատմամբ հութիների գրոհներին վերջ դնելուն։