ԿԳՄՍՆ-ն հաստատեց․ Հայաստանը կմասնակցի ՌԴ-ում անցկացվող «Ապագայի խաղեր»-ին

Կարեն Գիլոյանը Կազանում
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այսօր հետևել է ֆիջիթալ հոկեյին, մի քանի օրից հայ մարզիկները կհամատեղեն վիրտուալ ու իրական սպորտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Հայաստանը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում առաջին անգամ անցկացվող «Ապագայի խաղեր» մրցաշարին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ապագայի խաղեր» մրցաշարում Հայաստանը մասնակիցներ կունենա MMA-ի և ֆուտբոլի մրցումներում:
«Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդես կգա «Դիջիթալ–ֆուտբոլ», իսկ խառը մենամարտերի ներկայացուցիչը՝ «Ֆիջիթալ–մարտարվեստ» մրցաձևում»,- տեղեկացնում են նախարարությունից։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել է Կազան։ Այստեղ նա հանդիպել է Թաթարստանի սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովի հետ, քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարներն ու առաջին անգամ անցկացվող մրցաշարի մանրամասները: Այսօր նա հետևել է նաև «Ֆիջիթալ-հոկեյի» մրցմանը:
Նշենք, որ ֆիջիթալ սպորտը համատեղում է վիրտուալ ու իրական սպորտը: Մրցաշարն անցկացվելու է նախ առցանց, ապա իրական դաշտում։
«Ապագայի խաղերը» մրցաշար կանցկացվի փետրվարի 23-ից մարտի 3-ը և կներկայացնի 21 հիբրիդային դիսցիպլիններ։ «Ապագայի խաղերին» կմասնակցի 2000 մարզիկ՝ ավելի քան 100 երկրից։
Ավելի վաղ Sputnik Արմենիային մրցումների կազմկոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն «Ապագայի խաղեր» մրցաշարին։ Մինչ այդ ԿԳՄՍՆ-ն հայտնել էր, որ Հայաստանը չի մասնակցի մրցաշարին։