ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Աշխատանքներ են տարվում Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան երթուղի բացելու ուղղությամբ, սակայն կա նաև այլընտրանքային տարբերակ Իրանի տարածքով։ Այս մասին Hurriyet թերթին ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Հայաստանով անցնող երթուղու վրա աշխատանքներ են տարվում, դրա երկարությունը կազմում է 43 կիլոմետր: Եթե հայկական կողմում խնդիրներ լինեն, ապա Ադրբեջանը շփումներ ունի նաև Իրանի հետ՝ այդ երկրի տարածքով անցնող միջանցքի հնարավորության հետ կապված»,- ասել է Ուրալօղլուն։
Նրա խոսքով՝ երկու տարբերակներն էլ ներկայում քննարկման փուլում են։ Հարցին, թե ինչ փուլում է շինարարությունը, թուրք պաշտոնյան ասել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է շինարարական աշխատանքներն իր տարածքում։ Մրցույթ է հայտարարվել նաև Թուրքիայից Նախիջևան ճանապարհի կառուցման համար։
Հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բաց տեքստով պահանջել էր Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Երևանն իր հերթին հայտարարել է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրում «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ չի կարող լինել, և Հայաստանը պատրաստ է հաղորդակցություններ բացել ինքնիշխանության, կողմերի իրավասության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։