Գոտկատեղից ներքև հարված է. փաստաբանը՝ Հայկական Կարմիր խաչի շուրջ սկանդալի մասին

Աննա Եղիազարյանը պնդում է, որ իրեն անօրինական են աշխատանքից ազատել, քանի որ գտնվել է արձակուրդում, փաստաբանն էլ պնդում է՝ Եղիազարյանն էլ անօրինական արձակուրդում է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Հայկական կարմիր խաչ ընկերության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հրավիրված ասուլիսի ժամանակ փաստաբան Լևոն Մնացականյանը շեշտեց, որ այն, ինչ տեղի է ունենում ընկերությունում՝ գոտկատեղից ներքև հարված է: Թե ինչու է այդպես համարում, փաստաբանը հստակ պատասխան չտվեց, նա կրկին հիշեցրեց, որ ՀԿԽԸ նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին ընտրել են ընկերության նախագահ անօրինական ճանապարհով, քանի որ նա արդեն աշխատանքից հեռացված է եղել։
«Աննա Եղիազարյանը փորձել է կատարել ոչ իրավաչափ արտահերթ համագումար։ Եթե նախագահությունը մերժում է արտահերթ համագումար հրավիրելու դիմումը, այն ենթակա է կատարման։ Եթե կողմը գտնում է, որ անօրինական է մերժումը, ապա նա պետք է բողոքարկի, վիճարկի։ Չեն բողոքարկել, սարքել են ոչ բողոքարկելի»,- նշեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ այս ամենից հետո Աննա Եղիազարյանը գալիս է և ասում է՝ ես ընտրված նախագահն եմ։ Փաստաբանը խորհուրդ է տալիս Եղիազարյանին դիմել դատական պաշտպանության, եթե կարծում է, որ իր նկատմամբ անօրինական որոշում է կայացվել։ Մասնավորապես, Եղիազարյանը պնդում է, որ ինքն արձակուրդում է եղել և իրեն ապօրինի են աշխատանքից ազատել։ Փաստաբանն էլ հակադարձում է՝ Եղիազարյանն ինքն է իրեն արձակուրդ տվել, ոչ թե գործատուն։
Հիշեցնենք, որ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում արդեն 5-րդ օրն է՝ չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է կառույցի նոր նախագահը։
«Զավթել են շենքը». Աննա Եղիազարյանը չի հասկանում` ինչու թույլ չեն տալիս մտնել Կարմիր խաչ
Փետրվարի 15-ին մամուլում լուր էր տարածվել, թե ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կայացած արտահերթ համագումարում Աննա Եղիազարյանն ընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում։ Հաջորդիվ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, թե Եղիազարյանը, որը նախկինում ընկերության գլխավոր քարտուղարն էր, փետրվարի 8-ին նախագահության նիստի ժամանակ ազատվել է աշխատանքից, ու վերջինիս նախագահ ընտրվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Եղիազարյանն էլ ինքնագործունեությամբ է զբաղվում։
Sputnik Արմենիայի տվյալներով` ՀԿԽԸ նախագահության մոտ կասկածներ էին առաջացել Աննա Եղիազարյանի ծավալած գործունեության թափանցիկության վերաբերյալ։ Ազդանշաններ էին ստացվել, որ վերջին 1 տարում «փնթի տենդերներ են իրականացվել» ու աննպատակ միջոցներ ծախսվել, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնության ժամանակահատվածում։
ՀԿԽԸ-ի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 8-ին։