Էրդողանը 3-րդ երկրներին կոչ է արել չթունավորել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ղարաբաղյան իրադարձությունների հետո տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական պատուհան է բացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երրորդ երկրներին հորդորել է չթունավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, այլ կառուցողական ներդրում ունենալ դրանում:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևն առաջին պաշտոնական այցով մեկնել է Անկարա:
«Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս գործընթացում Ադրբեջանի հետ մենք գործում ենք ուս ուսի»,– Ալիևի հետ հանդիպումից հետո ԶԼՄ–ների ներկայացուցիչներին ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ ղարաբաղյան իրադարձություններից հետո հնարավորությունների պատմական պատուհան է բացվել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։
«Շատ կարևոր է, որ հնարավորության այս պատուհանը չփակվի»,- շեշտել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունության հույսի նոր աղբյուր կդառնա։ Էրդողանը հավելել է, որ Հայաստանն այս գործընթացը պետք է դիտարկի ռազմավարական տեսանկյունից և երկարաժամկետ հեռանկարում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։