ԵՄ ԱԳՆ խորհուրդը հավանություն է տվել Կարմիր ծովում ռազմածովային առաքելություն ստեղծելուն

Իտալիայի արտգործնախարարը նշել է, որ նոր առաքելությունը մեծ քայլ է ընդհանուր եվրոպական պաշտպանություն ստեղծելու ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ երկրների արտգործնախարարները հավանություն են տվել Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության համար ռազմածովային առաքելության գործարկմանը։ Ուժերը հրամանատարությունը կստանձնի Իտալիան։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին։
«ԱԳՆ խորհրդում հենց նոր հավանության արժանացրինք Aspides ռազմական գործողության գործարկումը, որտեղ ուժերի հրամանատարությունը կստանձնի Իտալիան», – Х սոցցանցում հայտնել է նախարարը։
Տայանիի խոսքով` նոր առաքելությունը մեծ քայլ է ընդհանուր եվրոպական պաշտպանություն ստեղծելու ճանապարհին։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր, որ գրոհելու է Իսրայելի հետ առնչություն ունեցող ցանկացած նավ` հորդորելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերին այդ նավերից և ծովում դրանց չմոտենալ։ Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։
Խորտակվել է նավը, որի վրա հարձակվել էին հութիները. ԶԼՄ
Հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում իրենց գործողություններն ուղղված են Գազայի հատվածում պաղեստինցիների օգնությանը, և պնդել, որ այդ շրջանում չեն խոչընդոտում նավագնացությանը։ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի կեսերից հարված են հասցնում հութիների օբյեկտներին` դա անվանելով պատասխան Կարմիր ծովում նավագնացությունը խոչընդոտելու սպառնալիքներին։ «Անսար Ալլահի» բարձրագույն քաղխորհրդի անդամ Մուհամմեդ Ալի ալ–Հուսին այդ հարվածները ահաբեկչական բարբարոսություն, կանխամտածված և չարդարացված ագրեսիա է որակել։