ԱԱԾ-ն քրեական վարույթ է նախաձեռնել վրացական համարանիշներով մեքենաների 2 վարորդի դեմ

ՀՀ ԱԱԾ
Նշվում է, որ տղամարդիկ սոցցանցերում զանգվածային անկարգությունների կոչեր են արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ ԱԱԾ քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել վրացական համարանիշներով մեքենաների երկու վարորդի դեմ, որոնք սոցցանցերում զանգվածային անկարգությունների կոչեր են արել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ Տելեգրամում գործող «վրացական 30 %-ին դեմ եմ» խմբի անդամներ Աշոտ Գ․-ն և Սամվել Ս․-ն կասկածվում են հասարակական անվտանգությունը վտանգող հրկիզումներով արտահայտված գործողությունների, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր անելու մեջ։
Նրանց դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 328 հոդվածի (Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը) 3-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է։
Դեռ նախորդ տարի վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիաներ էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ և պահանջել վերանայել ընդունված որոշումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Մինչ այժմ ՀՀ քաղաքացիները Վրաստանում գնած ավտոմեքենան չէին մաքսազերծում, և այն անարգել շահագործում էին ՀՀ տարածքում։ Պետությունը պարտավորվել էր մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40%-ի, ավելի հին մեքենաների համար 70%-ի չափով։ Կառավարության առաջարկած սուբսիդավորման տարբերակով, փաստորեն, պետք էր վճարել առնվազն 30 տոկոսը, ինչը, ըստ վարորդների, ահռելի գումար է։