ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարծում է, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով հայրենասիրության մասին բարձրաձայնող, բայց հայերեն չգրող մարդկանց մասին, նկատի չի ունեցել սփյուռքի ներկայացուցիչներին։
Օրերս Անդրեասյանը ԱԺ–ում անդրադարձել էր «Հայոց պատմություն» դասագիրքը «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախագծի (տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ E-draft) քննարկումներին և նշել, որ այնտեղ լատինատառ, ոչ հայալեզու բազմաթիվ գրառումներ և նույնիսկ հայհոյանքներ կան։
«Ընդհանրապես կդժվարանամ հասկանալ՝ ինչպես է հայրենասիրությունից խոսում մարդ, ով նույնիսկ հայերեն չի գրում»,– ասել էր Անդրեասյանը։
Հաշվի առնելով սփյուռքում ապրող և հայերեն չիմացող կամ չգրող հայերի մեծ թիվը՝ Sputnik Արմենիան այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն էր խնդրել Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը պատասխանել է, որ Անդրեասյանի` Ազգային ժողովում հնչեցրած խոսքում որևէ հղում չի տրվել սփյուռքին կամ սփյուռքահայությանը։
«Պատասխանը որևէ կերպ չի հնչեցվել սփյուռքին առնչվող որևէ համատեքստում, հետևաբար մեր գործառույթներից դուրս ենք համարում տվյալ կարծիքին մեկնաբանություն տալը»,- ընդգծել է Սինանյանը։
Նշենք, որ «Հայոց պատմություն» դասագիրքը «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագիծը բուռն քննարկման թեմա է դարձել. E-draft-ում հրապարկված նախագծի քննարկման գրեթե բոլոր մասնակիցները դեմ են արտահայտվել այս նախաձեռնությանը։