Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները մեկ տարում կրճատվել են մոտ 30 %–ով

Դեպի Հայաստան փոխանցումները, ՀՀ ԿԲ-ի տվյալներով, կրճատվել են մոտ 30%–ով՝ հասնելով 297,5 մլն դոլարի։ նկատելիորեն կրճատվել են նաև հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ռուսաստան փոխանցումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ռուսաստանից դեպի ԱՊՀ մի շարք երկրներ դրամական փոխանցումները 2023 թ դեկտեմբերին (2022 թվականի դեկտեմբերի համեմատ) տարեկան կտրվածքով նվազել են 36%–ով՝ կազմելով 627,6 մլն դոլար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով վիճակագրական բաց տվյալները։
Խոսքը ֆիզիկական անձանց (ոչ ձեռնարկությունների) դրամական փոխանցումների մասին է։ Ամենից շատ նվազել են Ռուսաստանից Վրաստան փոխանցումները՝ 4,5 անգամ (մինչև 70,5 մլն ԱՄՆ դոլար): Կրճատվել են նաև դեպի Ղազախստան փոխանցումները՝ գրեթե եռակի (մինչև 14,8 մլն դոլար): Միայն դեպի Ղրղզստան փոխանցումներն աճել են 25,4 տոկոսով՝ մինչև 244,7 մլն դոլար:
Ինչ վերաբերում է դեպի Հայաստան փոխանցումներին, ապա 2023 թ. դեկտեմբերին, ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների, դրանք կրճատվել են մոտ 30%–ով՝ հասնելով 297,5 մլն դոլարի (2022 թ. դեկտեմբերից այն կազմել է 423 մլն դոլար)։ Ինչպես և վերջին երկու տարիներին (ռելոկանտների ներհոսքով), հիմնականում ֆիզիկական անձինք գումար են փոխանցում առևտրային նպատակներով:
Ինչպե՞ս է փոխվել ՌԴ–ից դրամական փոխանցումների հոսքը 2023 թ–ի 10 ամիսներին
Ոչ առևտրային փոխանցումների մասնաբաժինը կազմել է ընդհանուր ծավալի 15 %–ից էլ քիչ մասը։ 2022 թ. դեկտեմբերի համեմատ դրանց ծավալն ընկել է` մոտ 120–ից մինչև 44 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ՝ ԱՊՀ երկրներից Ռուսաստան փոխանցումների ներհոսքը նույնպես դանդաղել է, բայց ոչ շատ՝ ընդամենը 14 %–ով։ Վրաստանից փոխանցումներն աճել են գրեթե կրկնակի` հասնելով 6,7 մլն դոլարի, իսկ Ղազախստանից՝ 18 տոկոսով՝ հասնելով 51,4 մլն դոլարի։
Հայաստանից փոխանցումները նվազել են մոտ 61 դոլարից մինչև 40 մլն դոլար, այսինքն՝ մոտ 34 %–ով, որտեղ ավելի քան 17 մլն դոլարը բաժին է ընկել առևտրային փոխանցումներին և միայն 3,6 մլն դոլարը` ոչ առևտրային փոխանցումներին (դրանց բացարձակ ծավալը նվազել է 16,7 դոլարից մինչև 13,1 մլն դոլար):