ՀՀ ՊՆ–ն հերքում է Ճամբարակի զորամասում թոքաբորբքի բռնկման մասին լուրերը

Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցին հորդորել են սահմանված կարգով հերքել հոդվածում տեղ գտած լուրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է, որ Ճամբարակի զորամասում թոքաբորբի բռնկումներ են եղել ու զինվորներին հրամանատարական կազմն արգելել է լքել զորամասը։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասում նախ հայտարարել են հնարավոր պատերազմի մասին, ապա արգելել հիվանդներին լքել զորամասը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված զորամասում, ինչպես նաև որևէ այլ զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, քանի որ սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճ թույլ չտալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումներ»,– նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Պաշտպանական գերատեսչությունը կեղծիք և ապատեղեկատվություն է համարել լրատվամիջոցում տեղ գտած հետևյալ տողերը.
«Զինվորների մեծ մասը հիվանդացել է թոքաբորբով, բայց նրանց արգելվել է բարձրաձայնել այդ մասին։ Խնդիրը բացահայտվել է երդման արարողությունից հետո զինծառայողներին տրված երկօրյա արձակուրդի արդյունքում։ Հրահանգված է՝ մինչև ջերմությունը չբարձրանա 40 աստիճանի, ձայն չհանեն։ Մինչև իսկ սպառնացել են՝ բժշկի դիմելու դեպքում քրեական գործ կհարցուցեն: Բացի այդ, ըստ ԶԼՄ–ի աղբյուրների` հրամանատարական կազմը բացահայտ հայտարարել է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում, պետք է պատրաստ լինել»:
Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցին հորդորել են սահմանված կարգով հերքել վերոնշյալ տեղեկությունները։