ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը մեր հավաքականին բերեցին 3 ոսկե և 3 արծաթե մեդալ։ Երկամարտի 375կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց Հակոբ Մկրտչյանը։
Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը, շրջանցելով մյուս մրցակիցներին, իրար մեջ որոշեցին Եվրոպայի չեմպիոնին ու փոխչեմպիոնին։ Երկամարտի 375կգ արդյունքով առաջին տեղը զբաղեցրեց Մկրտչյանը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը, 374կգ արդյունքով, երկրորդն էր։
Պոկում վարժությունում առաջինը մոտեցում կատարեց Հակոբ Մկրտչյանը, որը գլխավերևում պահեց 161կգ կշռող ծանրաձողը։ Երկրորդ մոտեցման ժամանակ Մկրտչյանը բարձրացրեց 166կգ քաշը։ Դավիթ Հովհաննիսյանն իր առաջին մոտեցումը չիրացրեց, բայց երկրորդ մոտեցումով նա նույնպես գլխավերևում ֆիքսեց 166կգ–ը։ Ի վերջո Հովհանիսյանը երրորդ մոտեցումով բարձրացրեց 169կգ և նվաճեց ոսկե փոքր մեդալը, Մկրտչյանը դարձավ արծաթե մեդալակիր։
Դավիթ Հովհաննիսյան
© Sputnik / Asatur Yesayants
Հրում վարժությունում մեր երկու ծանրորդներն էլ հստակ կատարեցին առաջին մոտեցումն ու գլխավերևում պահեցին 200 կգ կշռող ծանրաձողը։ Ոսկե մեդալի համար պայքարն ընթանալու էր երկու հայ ծանրորդների միջև։ Մեր մարզիկները կրկնեցին իրենց հաջողությունը երկրորդ մոտեցման ժամանակ՝ 205կգ։ Երրորդ մոտեցումով Մկրտչյանը բարձրացրեց 209կգ, իսկ Հովհաննիսյանին չհաջողվեց բարձրացնել 210կգ–ն։
Վաղը Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ են դուրս գալու ևս երկու ծանրորդներ։ 102կգ քաշային կարգում հանդես են գալու Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը։