ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում այսօր կեսգիշերին տեղի է ունեցել ՃՏՊ՝ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 23։50–ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են 26–ամյա վարորդ Ն. Ղ–ի «Tesla» մակնիշի ավտոմեքենան և «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան (64–ամյա վարորդ՝ Ա. Ա.)։ Շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության բժշկին հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել շտապօգնության ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
ՃՏՊ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում