Բիշարյանի կալանքի միջնորդությունը մերժվել է, նա այժմ ազատության մեջ է. փաստաբան

Էմին Խաչատրյանի տեղեկություններով` ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այս գործով դատավարական որևէ կարգավիճակ չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Մհեր Բիշարյանի վերաբերյալ քննիչի ներկայացրած կալանավորման հարցը և մերժել ներկայացված միջնորդությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բիշարյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցների տեղեկություններով` Հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են դատաբժշկական կենտրոն ու մի քանի ժամ նշված շենքում գործողություններ կատարել, ապա ձերբակալել տնօրեն Բիշարյանին։
Փաստաբանը նշեց, որ Բիշարյանին ներկայացված մեղադրանքը, որով նա ձերբակալվել էր, վերաբերում է ԴՆԹ թեստավորման սարքավորումների ձեռքբերման հետ կապված գնումների գործընթացին։

«Մհեր Բիշարյանը երեկվանից ազատության մեջ է։ Ծայրաստիճան անհիմն մեղադրանք է, չփաստարկված, և ձերբակալումը ևս անհիմն էր։ Մեղադրանքում նշված գործողությունները որևէ կերպ առնչություն չունեն պարոն Բիշարյանի հետ ու հատկապես այն եզրույթը, որ նա գործել է պետության շահերին հակառակ։ Միայն այդ եզրույթը երբ համադրում ես գործով ձեռքբերված տվյալների հետ, անհիմն է, ոչ արդար, զավեշտալի»,– ընդգծեց նա։

ԶԼՄ–երը նշում էին նաև, որ չի բացառվում, որ այս գործով հարցաքննվի նաև ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, քանի որ գնման այդ գործընթացը տեղի է ունեցել նրա պաշտոնավարման ընթացքում:
Ինչ է ենթադրում տնային կալանքը ՀՀ–ում, և քանի մարդ է այս պահին տնային կալանքի տակ Երևանում
Փաստաբան Խաչատրյանն այդ մասով որևէ մեկնաբանություն չկարողացավ տալ, քանի որ իր ունեցած տեղեկություններով` Թորոսյանը դատարավարական որևէ կարգավիճակ չունի։
Իսկ թե ինչ քայլեր կնախաձեռնի Բիշարյանի փաստաբանական թիմը, Խաչատրյանի խոսքով` կսպասեն իրադարձությունների զարգացմանը և համարժեք վերաբերմունք ցույց կտան։