Փաշինյանը ՄԱԿ պաշտոնյայի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ
Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հանրության կողմից անհրաժեշտ օժանդակության, համապատասխան ծրագրերի իրականացման քայլերի վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականների խնդիրներն ու դրանց լուծման քայլերը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
Փաշինյանը Գրանդիի հետ հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:
«ՀՀ վարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում` երկարաժամկետ հատվածով: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև բռնի տեղահանված փախստականների հիմնական խնդիրներն ու կարիքները»,- ասված է հաղորդագրությունում:
Մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից անհրաժեշտ օժանդակության, համապատասխան ծրագրերի իրականացման քայլերի ու հնարավորությունների վերաբերյալ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։