«Արթուրին հետևում եմ որպես երկրպագու, կեցցե նա»․ Կարելինը՝ Ալեքսանյանի մասին

Արթուր Ալեքսանյանը և Ալեքսանդր Կարելինը Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացմանը
Երևանի Գևորգ Վարդանյանի անվան դպրոցում նրա հիշատակին նվիրված ցերեկույթին անցյալի և ներկայի երկու անվանի մարզիկները կողք կողքի էին նստած:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Արթուր Ալեքսանյանը հայ ըմբշամարտի փառահեղ դպրոցի արժանի ներկայացուցիչն է, լրագրողներին ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը։
Կարելինը, լինելով Դաշնության խորհրդի սենատոր, ՌԴ խորհրդարանական պատվիրակության հետ ժամանել է Երևան՝ Գևորգ Վարդանյանի անունը կրող թիվ 192 դպրոցում լեգենդար հետախույզի, Խորհրդային Միության հերոսի կիսանդրու բացմանը:
Ռուս և հայ խորհրդարանականների հետ բացմանը մասնակցում էր նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը օրերս 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Հիշատակի ցերեկույթին դպրոցի դահլիճում անցյալի և ներկայի երկու հայտնի մարզիկները կողք կողքի էին նստած։
«Ես իհարկե ավելի լավ եմ ճանաչում նրա հորը (ըմբշամարտի մարզիչ Գևորգ Ալեքսանյան-խմբ.), իսկ Արթուրին հետևում եմ արդեն որպես երկրպագու։ Կարող եմ ասել, որ նա ըմբշամարտի հայկական դպրոցի վառ ներկայացուցիչ է։ Դպրոցը տվել է մարզիկների մի ամբողջ աստղաբույլ, որոնք դարձան ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի հպարտությունը։ Ըմբշամարտի տեխնիկան, մենամարտ վարելու ձևը՝ Արթուրը շարունակում է այս բոլոր ավանդույթները: Ես շատ ուշադիր հետևում եմ նրան, կեցցե նա» - ասել է օլիմպիական եռակի չեմպիոնը։
Նշենք, որ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացումը նվիրված էր նրա ծննդյան 100-ամյակին: