ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երևանում անցկացնելու որոշումը և վստահություն հայտնել, որ այն կանցվի բարձր մակարդակով: Նա ընդգծել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաև ՀՀ տնտեսության կայունությանն ու զարգացմանը»,– ասված է հաղորդագրությունում։
ՎԶԵԲ նախագահը կարևորել է ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունը և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են:
Բասսոն կարևորել է նաև ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Նշենք, որ ՎԶԵԲ-ի վարկերի ներկայիս պորտֆելը կազմում է մոտ 45 մլն դոլար կամ կառավարության արտաքին պարտքի մոտ 1 տոկոսը: Բանկը վարկավորում է նաև մասնավոր հատվածը, որի հաշվառմամբ հանրապետությունում բանկի ընդհանուր վարկային պորտֆելն այժմ կազմում է 344 մլն եվրո: