ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Վանաձորի ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձանց

ՔԿՀ
Ազատազրկված անձինք բողոքում են դեղորայքի, խցերում համապատասխան պայմանների բացակայությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող, անժամկետ հացադուլ հայտարարած անձանց։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փետրվարի 14-ին չհայտարարված այց է իրականացվել ՔԿՀ։ ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ, ուսումնասիրել նրանց առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը:
«Ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ»,- տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
Առանձնազրույցներից հետո քննարկումներ են տեղի ունեցել նաև ՔԿՀ վարչակազմի և քրեակատարողական բժշկության կենտրոնի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչների հետ։
Չհայտարարված այցի արդյունքները ամփոփվում են։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին։
Փետրվարի 12-ին հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ու Արմենուհի Կյուրեղյանն այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ և մի շարք խնդիրներ արձանագրել։ Դանիելյանը շեշտել էր` ամեն ինչ անելու են, որ կալանավորների իրավունքները չոտնահարվեն, արժանապատիվ կացության պայմանները չխախտվեն։