ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայաստանում տնային կալանք կիրառելուց հետո պայմանները սահմանում է դատարանը` հաշվի առնելով որոշակի հանգամանքներ և մեղադրանքի ծանրությունը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետ Վահրամ Խալաթյանը։
Սահմանափակումները կարող են վերաբերվել որևէ մեկի (ընտանիքի անդամներից բացի) կամ գործի հետ առնչվող անձանց հետ շփումների և տանը հյուրեր ընդունելու արգելքին։ Ստանալով դատական ակտը` պրոբացիոն ծառայությունը մեղադրյալին տեղեկացնում է տնային կալանքի ռեժիմի մասին` ծանոթացնում իրավունքներին և պարտականություններին և ապահովում դրա կատարումը:
«Մեր ծառայության կողմից ռեժիմի կատարման առնչությամբ վերահսկողությունն իրականացվում է այցելությունների միջոցով` օրվա տարբեր ժամերին, առանց նախազգուշացման: Պրոբացիոն ծառայության աշխատակիցները ստուգայցեր են իրականացնում բնակության վայր, ինչի ժամանակ պարզում են` խախտումներ կան, թե ոչ»,– ասաց Խալաթյանը։
Նրա խոսքով` տնային կալանքի դեպքում չկան կոնկրետ նշված օրեր ու ժամեր մեղադրյալի տուն այցելելու համար, դա կարող է լինել նույնիսկ օրական մի քանի անգամ:
Այլընտրանքային խափանման միջոցները` տնային կալանքը և վարչական վերահսկողությունը, Հայաստանում սկսել են կիրառել 2023 թվականի հունվարի 1–ից։
Խալաթյանը շեշտեց, որ այդ ժամանակից ի վեր դատարաններն ավելի ու ավելի շատ են ընտրում այլընտրանքային խափանման միջոցներ։
«Իմ կարծիքով` դա ավելի դրական է և ողջունելի: Նախ` բեռնաթափվում են ՔԿՀ–ները, թեթևանում է նաև պետության ֆինանսական բեռը։ Հանրության կողմից ավելի ընդունելի և ողջունելի է այս խափանման միջոցը։ Երբ անձի նկատմամբ տնային կալանք են կիրառում, հարազատներն էլ դրական են համարում դա, մասնավորապես, եթե մեղադրյալն առաջին անգամ ինչ–ինչ պատճառներով հանցագործություն է կատարել, բայց չի հայտնվի բանտում, քրեական միջավայրում»,– ասաց Խալաթյանը:
Տնային կալանքը և վարչական վերահսկողությունն իրականացվում են էլեկտրոնային թևնոցների միջոցով և դա վերաբերում է բոլորին. այլընտրանք չկա։ Հսկողության նույն մեթոդը կիրառվում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի տնային կալանքի դեպքում:
Եթե մեղադրյալը տնային կալանքի տակ է գտնվում բնակարանում, ապա նա իրավունք չունի դուրս գալ տան շեմից: Մեծ հողատարածքներով առանձնատների դեպքում չափագրվում է տան տարածքը, բակը ու սահմանվում սահմանափակ տարածք, որից այն կողմ դուրս գալ չի կարելի:
Մինչ օրս Երևանում չի եղել որևէ դեպք, որ մեղադրյալը միայնակ ապրի տնային կալանքի տակ։ Նույնիսկ եթե նման իրավիճակ առաջանա, դատարանը հաշվի կառնի այդ հանգամանքը, որ նրան անհրաժեշտ կլինեն սնունդ, բժշկական օգնություն և այլն:
Այս պահին Երևանում շուրջ 200 մարդ է գտնվում տնային կալանքի տակ։