ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Սահմանազատման ու սահմանանշման գործընթացը ենթադրում է սահմանը հատված առ հատված նշելու տարբերակ, բայց Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում այն հազիվ թե գործի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հայ-վրացական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախկին անդամ, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս Վարդան Հակոբյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած առաջարկը։
«Դա ընդունված պրակտիկա է, նման փորձ գոյություն ունի։ Բայց խնդիրը նրանում է, որ այս խոսակցութոյւնները ներկա իրավիճակում կրում են քաղաքական բնույթ։ Հիմա սա ժամանակ շահելու, թե երեսպաշտության պահ է, դժվար է ասել, բայց փաստ է, որ քաղաքական խնդիր է դրված։ Եվ Ադրբեջանն այդ սահմանազատումը կամ խաղաղության պայմանագիրը երբեք չի ստորագրի՝ մինչև օգտվելով այս վիճակից ու այս իշխանություններից, ամեն ինչ չքամի»,– ասաց Հակոբյանը` միաժամանակ կարծիք հայտնելով, որ վարչապետի հայտարարությունն ավելի շատ ուղղված էր ներքին լսարանին` ցույց տալու համար, որ սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Մինչդեռ, Ադրբեջանը, նրա համոզմամբ, դրան լուրջ չի վերաբերվի։
Հիշեցնենք` փետրվարի 15-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կա սահմանազատման երկու տարբերակ. ամբողջ սահմանագծով իրականացնել սահմանագծում և անցնել դրա իրագործմանը, կամ կտորների բաժանել սահմանը և կտոր-կտոր սահմանագծումով առաջ գնալ:
«Բայց Ադրբեջանը, կարծես թե, խուսափում է նաև այս տարբերակից, և մեր վերլուծությունը ցույց է տալիս, թե սրա համար կարող է լինել մեկ պատճառ, և այդ պատճառը կարող է լինել, օրինակ՝ ռազմական գործողությունները սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով»,– գործադիրի նիստում մանրամասնեց Փաշինյանը։
Վարդան Հակոբյանն ընդգծում է, որ սահմանազատումը երկկողմանի գործընթաց է, մինչդեռ ՀՀ ղեկավարն էլ է խոստովանում, որ Ադրբեջանը դրան, ըստ էության, չի մասնակցում։
«Ես այդ երկկողմանիությունը չեմ տեսնում, ստացվում է` դատարկ խոսքեր, զավզակության նման մի բան։ Ալիևն ասում է` ես չեմ օկուպացրել, հայկական կողմը ինչ–որ անհասկանալի կադաստրային բաներից է խոսում, ասում է, որ պատրաստ է հանուն խաղաղության նույնիսկ որոշ տարածքներ զոհել»,– նկատում է Հակոբյանը` ակնարկելով Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքները, որտեղից Ալիևը իր զորքերը հետ քաշելու որևէ մտադրություն չունի։
«Սահմանազատումը բանակցային պրոցես է, որտեղ պետք է երկու հավասար կողմեր նստեն իրար հետ բանակցելու։ Իսկ եթե մի կողմը դեռ ակնկալիքներ ունի, գտնում է, որ կարող է Հայաստանից դեռ ավելին քամել, ինչ–որ պայմաններ դնել, այստեղ քարտեզագրման գիտական մոտեցումն անիմաստ է դառնում»,– ասում է Հակոբյանը։
Հիշեցնենք` 2022 թվականի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հույս էր հայտնել, որ մինչև Հայաստանի ու Ադրջեբանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրելը սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն ավարտված կլինեն։ Փաշինյանը հույս ուներ նաև խաղաղության պայմանագիրը կնքել մինչև 2023 թվականի սկիզբը։ Այդ հայտարարություններից ավելի քան 1 տարի անց, դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողովները մի քանի հանդիպում են անցկացրել, որոնց արդյունքների մասին հանրությանը շատ քիչ բան է հայտնի։ Փոխարենը Ադրբեջանը 2020թ–ից մինչ օրս օկուպացրել է Հայաստանի տարածքից շուրջ 200 քառ.կմ–ը։