ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ «Վրաստանի բանկը» (Bank of Georgia Group PLC) բանակցություններ է վարում հայկական «Ամերիաբանկը» ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի բանկի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Վրաստանի բանկն» այս պահին քննարկումներ է անցկացնում Ամերիաբանկի բաժնետերերի հետ։
«Ենթադրվում է, որ տվյալ գործարքը կֆինանսավորվի «Bank of Georgia Group PLC»–ի ավելցուկային կապիտալով՝ առանց ընկերության շահաբաժինների և կապիտալի բաշխման քաղաքականության փոփոխության»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ «Վրաստանի բանկի»` դա կլինի 1–ին դասի գործարք՝ համաձայն Մեծ Բրիտանիայի FCA-ի ցուցակման կանոնների. ընկերությունը, ըստ անհրաժեշտության, բաժնետերերին կտեղեկացնի ձեռք բերելու հետ կապված առաջընթացի մասին:
Հիշեցնենք, որ այժմ «Ամերիաբանկի» բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%):
2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է Արդշինբանկին:
Ինչ վերաբերում է «Վրաստանի բանկին», ապա նրա ամենամեծ բաժնետերը «Georgia Capital»–ն է, սակայն բաժնետոմսերը պատկանում են այնպիսի ներդրումային կազմակերպությունների, ինչպիսիք են «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard»-ը և այլն: